
Սպանվել է Խորեն Հովհաննիսյանը

Երեկ՝ հունիսի 28-ին, ժամը 23.40-ի սահմաններում Իջևանի բժշկական կենտրոնից հայտնել են Ոստիկանության Իջևանի բաժին, որ մահացած վիճակում իրենց մոտ են տեղափոխել մի երիտասարդի:Հիվանդանոց են մեկնել Ոստիկանության Տավուշի մարզային վարչության և Ոստիկանության Իջևանի բաժնի օպերատիվ խմբերը՝ Ոստիկանության մարզային վարչության պետ Արշավիր Գևորգյանի և Ոստիկանության Իջևանի բաժնի պետ Ստեփան Մելքոնյանի գլխավորությամբ:
Տեղում են եղել նաև Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Տավուշի մարզի քննչական բաժնի քննիչները՝ քննչական բաժնի պետ Կարեն Հակոբյանի գլխավորությամբ:
Օպերատիվ-քննչական խումբը պարզել է, որ մահացածը 30-ամյա Խորեն Հովհաննիսյանն էր:
Ձեռնարկված օպերատիվ-քննչական գործողությունների արդյունքում Տավուշի մարզի ոստիկանները պարզել են, որ Խ. Հովհաննիսյանը հիվանդանոց է տեղափոխվել Իջևանում գտնվող «Մարմար» ռեստորանային համալիրից:
Գ. Շամշյանը հայտնում է նաև, որ ոստիկանները պարզել են, որ այդ օրը նշված ռեստորանային համալիրում նրա և Հունան Թամամյանի ու ևս չորս անձանց միջև տեղի է ունեցել վիճաբանություն, որի ժամանակ Հ. Թամամյանը դանակով հարվածել է Խ. Հովհաննիսյանի կրծքավանդակի ձախ մասին, որը պատճառ է դարձել մահվան: Բոլորն էլ եղել են Իջևանի բնակիչներ:
Փաստի առթիվ Ոստիկանության քննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քր. Օր.-ի 104 հոդվածի (սպանություն) հատկանիշներով:
Հ. Թամամյանը քննիչի որոշմամբ ձերբակալվել է: