Մեր պատկերով ու նմանությամբ
Պաշտոնական տեղեկատվություն ընթերցելն ամենաուրախ զբաղմունքը չէ: Եթե, իհարկե, ծրագրային փաստաթուղթ չես ընթերցում: «Էլ ավելի բարելավենք», «խթանելով ամրապնդենք», կամ «նպաստենք» արտահայտությունները կարող են հանդիպել, ասենք, կառավարության գործունեության ծրագրում: Իսկ այ, պաշտոնական տեղեկատվության կամ վերլուծության մեջ քարոզչական նման արտահայտությունների չեք հանդիպի: Նաեւ այն պատճառով, որ դրանք մտադրությունների ու բարի ցանկությունների հռչակագրեր չեն: Այլ` հայաստանյան իրավիճակի նկարագիր: Իսկ մեր իրականությունը փայլփլուն բառապաշարով չես նկարագրի: Օրինակ, «Հայաստանի ժողովրդագրության եւ առողջության հարցերի հետազոտություն-2010»-ը: Բավական լուրջ ուսումնասիրություն է: Պատկառելի կազմակերպություններ են ֆինանսավորել ու աջակցել: ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի Հայաստանյան գրասենյակը, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի ՄԱԿ-ի միացյալ ծրագրի Հայաստանյան գրասենյակը եւ այլք: Հետազոտությունն անցկացվել է ՀՀ առողջապահության նախարարության ու ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հետ համատեղ: Հետազոտության արդյունքները հրապարակվել են 2012-ի ապրիլի 30-ին: «Պատասխանատու» լրատվամիջոցներն անդրադարձան միայն հետազոտության մեջ արձանագրված դրական տվյալներին: Նշելով, որ ըստ այս հետազոտության` 2005-2010թթ. ընթացքում մանկական մահացության ցուցանիշը համարյա կրկնակի նվազել է: 2000-ից մինչեւ 2005թթ. ծնված հազար երեխայից մեկ տարվա ընթացքում մահանում էր 26 երեխա: Հետագա հինգ տարիների ընթացքում մահացության ցուցանիշը 13 է: Առողջապահությունում իրականացված ծրագրերի շնորհիվ փաստորեն հաջողվեց խուսափել մանկական մահացության (կյանքի առաջին տարվա ընթացքում) համարյա աֆրիկական երկրներին բնորոշ ցուցանիշից: Ցավոք, ուսումնասիրության հաջորդ հատվածները դուրս մնացին լրատվամիջոցների եւ, որ ավելի կարեւոր է, իշխանությունների ուշադրությունից: Մինչդեռ այդ տվյալներն իրենց անողոքությամբ կարող են «խմբագրել» իշխանությունների մշակած ցանկացած ծրագիր: Ներառյալ նաեւ` օրերս հաստատված ՀՀ կառավարության գործունեության ծրագիրը, որ այդքան ոչ միանշանակ հասարակական ընկալում ունեցավ: Մինչդեռ ժողովրդագրական այդ ուսումնասիրության մեջ արձանագրված է` «Ծնելիության գումարային գործակիցը 2000, 2005, 2010թթ. կազմել է մեկ կնոջ հաշվով 1,7 երեխա»: Մասնագիտական խրթին նախադասությունը նույն հետազոտության մեջ ունի շատ պարզ բացատրություն` «ինչն շատ ավելի ցածր է, քան անհրաժեշտ է բնական վերարտադրությունն ապահովելու համար»: Փաստորեն, արդեն մոտ 15 տարի Հայաստանում անգամ պարզ վերարտադրություն չի արձանագրվում: Մի կողմ թողնենք ընտրություններից-ընտրություն ընտրողների ֆիզիկական ծավալի աճի ցուցակները: Դա քաղաքական խաղ-խաղիկների համար է արվում: Սա նույնիսկ առայժմ պաշտոնապես չհրապարակված «Մարդահամար 2011»-ի հետ չես համեմատի: Դրա նկատմամբ եւս հասարակության վստահության աստիճանը բարձր չէ: Հավանաբար, նաեւ այն պատճառով, որ պարբերաբար հայտնվում են իրականության պատկերը ներկայացնող այսպիսի ուսումնասիրություններ: Ուսումնասիրություններ, որոնք դրական փաստեր արձանագրելով` չեն լղոզում բացասականները: ՀՀ կառավարությունը գործողությունների իր ծրագրում խոստանում է խթանել ծնելիությունը երկրում: Բայց չի կարելի միանշանակ պնդել, որ կառավարության ծրագրի այդ բաժինը գրողները տեղյակ են ժողովրդագրության եւ առողջապահության ոլորտների տեղեկատվությանը: Այլապես նման նախադասություններ չէին գրի` իմանալով, որ Հայաստանում հղիությունների 30 տոկոսն ավարտվում է աբորտով: Բայց մեր խորհրդարանը հաստատեց կառավարության ներկայացրած ծրագիրը: Կարծեմ առայժմ ոչ ոք չի համեմատել նորընտիր խորհրդարանի պատգամավորների ունեցվածքի հայտարարագրերը զարգացած երկրների իրենց «գործընկերների» հայտարարագրերի հետ: Այլապես մենք, կարծում եմ, կիմանայինք, որ մեր օրենսդիրներն ավելի հարուստ են: Հարուստ են մեծ յոթնյակի խորհրդարանների անդամներից: Ու այդ համեմատության ֆոնի վրա անհասկանալի կդառնար աղքատության մասին պաշտոնական տեղեկատվությունը: Համաշխարհային տնտեսական ճգնաժամի տարիներին աղքատությունը մեր երկրում պաշտոնապես աճեց: Եթե նախկինում ծայրահեղ աղքատ էր բնակչության 25 տոկոսը, հիմա նույն կարգավիճակում հայտնվել է մեկ երրորդից ավելին (35 տոկոս): Վիճակագրական այս ցուցանիշն իրականում շատ ավելի դաժան պատկեր ունի: «Հայաստանում դեռեւս շարունակում է արդիական լինել երեխաների վատ սնուցումը: Մինչեւ հինգ տարեկան երեխաների 19 տոկոսը թերաճ են կամ կարճահասակ իրենց տարիքի համեմատ, ինչը քրոնիկ թերսնման արդյունք է: Այս ցուցանիշը համեմատաբար բարձր է Արարատում, Գեղարքունիքում, Սյունիքում»: Ահա եւ մեր տնտեսական կյանքի իրական նկարագիրը: Գայթակղությունը մեծ է գրելու, թե մենք` հայերս, առանձնահատուկ ենք մեր երեխաների նկատմամբ վերաբերմունքով: Բայց իրականում մենք` հայերս, բոլոր մյուս ազգերի նման կարող ենք մեզ զրկել ու խնայել: Խնայել` հանուն երեխայի: Բայց պարզվում է, որ անգամ այդ պարագային մեր հինգ երեխայից մեկը թերսնված է: Մասնագիտական ձեւակերպմամբ` «քրոնիկ թերսնված», որ հանգեցնում է ֆիզիոլոգիական փոփոխությունների: Հավանաբար սա է մեր տնտեսության իրական պատկերը: Նաեւ մեր քաղաքական համակարգի ու մշակույթի, գործատուի ու աշխատավորի, գրագետի ու կառավարչի իրական պատկերը: Ցանկացած հասարակության քաղաքակրթության մակարդակը որոշվում է երեխաների ու ծերերի նկատմամբ ունեցած վերաբերմունքով: Դժվար է պատկերացնել, թե ծերերի խնդիրների ուսումնասիրությունն ինչ պատկեր կբացահայտի:
Արա ԳԱԼՈՅԱՆ