Բաժիններ՝

Վահան Մարտիրոսյանը բացահայտումներ է արել Ադրբեջանում հայտնվելու վերաբերյալ

Բաքվի հորինած «Հայաստանի ու Ադրբեջանի խաղաղության պլատֆորմ»-ի անդամ, 2015 թվականի սեպտեմբերին Ադրբեջանում հայտնված Վահան Մարտիրոսյանը տեսանյութի միջոցով նոր մանրամասներ է ներկայացրել՝ Ադրբեջանում գտնվելու մասին: «Եկել է ժամանակը բացահայտել որոշ մանրամասներ, թե ինչպես ես ընտանիքիս հետ 2015 թվականին հայտնվեցի Ադրբեջանի տարածքում: Այդ մասին վերջին երկու տարում լսել եմ, կարդացել, կան շատ վարկածներ:

Հիմնականում դրանք որևէ ընդհանուր բան չունեն իրականության հետ, այդ թվում այն վարկածների, որոնք ներկայացրել է ադրբեջանական քարոզչամեքենան: Իրականությունը կլինի շատ հետաքրքիր ոչ միայն իմ հայրենակիցների՝ հայերի համար, այլ նաև մի շարք միջազգային կազմակերպությունների, որոնց ադրբեջանական պետությունը մանիպուլյացիայի է ենթարկել իմ հարցով՝ հանուն իր նպատակների»,- ասել է Մարտիրոսյանը:

Նա նշել է, որ 2015 թ. սեպտեմբերին ելնելով որոշ հանգամանքներից՝ ընտանիքի հետ գտնվել է Թբիլիսիում, պատահաբար կապ հաստատել ադրբեջանական ԶԼՄ-ների լրագրողների հետ և խոսել մեկ հարցազրույցի կամ մեկ ասուլիսի մասին, որը պետք է կայանար Վրաստանի մայրաքաղաքում: «Այդ ընթացքում ինձ հետ կապ հաստատեցին Բաքվից՝ ներկայանալով իբրև Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության աշխատակիցներ, և ինձ կապեցին Ադրբեջանի դեսպանության հետ: Ինձ հանդիպեցին իբր դեսպանության աշխատակիցներ՝ դեսպանության տարածքում, որոնք, այնուհետև պարզվեցին, որ հանդիսանում են Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարությանաշխատակիցներ: Մի քանի օր քննարկեցինք ասուլիսի վերաբերյալ որոշ հարցեր, այնուհետ և Արիֆ անունով անձը՝ Ադրբեջանի նախագահի լրատվականից, առաջարկեց ասուլիսն անցկացնել Բաքվում: Նրանք ինձ տվեցին լիարժեք երաշխիքներ՝ անվտանգության, խոսքի ազատության հետ կապված և ասացին, որ բացի ադրբեջանական կառավարությանը քննադատելուց, ամեն ինչում ազատ եմ»,- պատմել է Մարտիրոսյանը:

Նրա խոսքով, ինքն անձամբ նստել է տաքսի և գնացել վրաց-ադրբեջանական սահման: Ըստ Մարտիրոսյանի, անցնելով ադրբեջանական կողմ՝ իրեն՝ ընտանիքի հետ, դիմավորել են Արիֆի օգնականները: «Մեզ տեղավորեցին իբր կառավարության անդամների համար նախատեսված առողջարանում, սակայն այնուհետև պարզվեց, որ մենք գտնվում ենք հատուկ ծառայությունների աշխատակիցների համար նախատեսված առողջարանում: Առաջին 2-3 օրը ես չեմ կասկածել դա, այդ մարդիկ շատ լավ էին «խաղում» իրենց դերը՝ որպես լրատվականի աշխատակիցներ: Ասուլիսից մի քանի օր առաջ նույն մարդիկ վերցրեցին մեզնից անձնագրերը և կոշտ վերջնագիր սահմանեցին, ըստ որի, ես պետք է հնչեցնեմ երեք բան՝ խոսեմ ԼՂ-ում բռնաճնշումների մասին, բարձրացնեմ թեզ, թե ԼՂ-ում ծաղկում է նարկոառևտուրը, և ավելացնեմ, թե ունեմ հավաստի տեղեկություններ, ըստ որոնց՝ ԼՂ-ում կռվում են գրոհայիններ Լիբանանից և Սիրիայից: Հասկանալով թե ինչ խաբկանքի մեջ եմ և ում ձեռքերում եմ, հաշվի առնելով, որ ինձ հետ էր ընտանիքս, այլ բան չէր մնում, քան խաղալ իրենց կանոններով»,- ասել է Մարտիրոսյանը:

Ըստ նրա, ասուլիսից, հարցազրույցներից, միջազգային կազմակերպությունների հետ հանդիպումներից հետո ուժեղացված անվտանգության ներքո իրեն ձերբակալել են, վերցրել կապի բոլոր միջոցները և այդ վիճակում գտնվել է վեց ամիս: Կարմիր խաչի, Եվրոպական միության ներկայացուցիչների հետ հանդիպումների ժամանակ ևս, ըստ Մարտիրոսյանի, իր գրպանում տեղադրել են տեսաձայնագրիչներ:

«Կան լուսանկարների փաստեր, տեսանյութեր, որոնք ես մի կերպ եմ Բաքվից դուրս բերել, որոնք մոտ ժամանակներս կներկայացնեմ: Ադրբեջանն իմ գործով մեծ գրանտներ է շահել, պարզվել է, որ ինձ համար մեծ բյուջե է դուրս գրվել պետությունից, սակայն այդ միջոցներից միայն 10 կամ ավելի փոքր տոկոսն եմ տեսել:

Այնուհետև, երբ հրաշքով դուրս եկա Բաքվից, դարձա haqqin.az-ի թղթակիցը, այնուհետև արդեն կամավոր գնացի Բաքու և պարզեցի, որ Արիֆ ներկայացած անձը ոչ այլ ոք է, քան Անար Զեյնալովը՝ հատուկ ծառայության աշխատակից: Ես խնդրեցի Կարմիր խաչի միջոցով ինձ ուղարկել Հայաստան, հայտարարեցի հացադուլ: Գաղտնի գտա ինտերնետ, տեսանյութ նկարահանեցի, որում ներկայացրեցի ողջ իրականությունը և ասացի, որ այդ տեսանյութն ուղարկել եմ ընկերոջս՝ Ֆրանսիա ու եթե մեկ շաբաթից այլ երկրից կապի դուրս չգամ, նա տեսանյութը կհրապարկի: Դրանից մեկ օր անց ինձ հանդիպեց Ադրբեջանի փոխվարչապետ Ալի Ահմեդովը և պայման դրեց՝ տեղափոխվել Ուկրաինա կամ Թուրքիա, սակայն մեկնելուց առաջ պետք է այցելեի շեհիդների և իբր Խոջալուի ցեղասպանության զոհերի գերեզմանատներ, ծաղիկներ դնեի, որը պետք է տեսանկարահանվեր: Համաձայնեցի և մեկ օր անց ես հատուկ ծառայությունների ուղեկցությամբ մեկնեցի Օդեսա»,- ասել է Մարտիրոսյանը:

Նա նշել է, որ սա է իրական պատմությունը, թե ինչպես ՀՀ-ի քաղաքացի Վահան Մարտիրոսյանն ընտանիքի հետ հայտնվել Ադրբեջանում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս