«Սուր ելույթ ունենալն ու որևէ մեկի «պորտը տեղը դնելը» մնացել է անցած դարում». Արմեն Աշոտյան

«ԵԽԽՎ պատվիրակությունները հաստատվում են Ազգային ժողովի կողմից` ըստ խմբակցությունների կողմից տրված առաջարկների: Կարծում եմ` ԱԺ խորհրդի մոտակա նիստերից մեկում այս հարցը կքննարկվի»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց արտաքին հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը` մեկնաբանելով հարցը, թե ո՞վ է փոխարինելու Գևորգ Կոստանյանին ԵԽԽՎ պատվիրակությունում:

Ըստ նրա` բոլոր դեպքերում ՀՀԿ-ն նման հարցում միշտ մոտեցել է գործի արդյունավետությունը բարձրացնելու հրամայականով` տալ այնպիսի մարդկանց անուններ, որոնք օգտակար կլինեն խորհրդարանական դիվանագիտությանը և Հայաստանի շահերի առաջխաղացմանը:

Խորհրդարանական դիվանագիտության պասիվության վերաբերյալ Ա.Աշոտյանը նշեց, որ երբ միջազգային հարթակներում խոսում ես բացառապես քո խնդիրներից անհետաքրքիր ես դառնում, եթե պատրաստ չես կիսել աշխարհի խնդիրները: Նրա խոսքով` միայն հայկական հարցերը չեն, որ պետք է դառնան քննարկման կիզակետ, իսկ սուր ելույթ ունենալն ու որևէ մեկի «պորտը տեղը դնելը» մնացել է անցած դարում, իրեն սպառել է.

«Այսօր խորհրդարնական դիվանագիտությունը պահանջում է աշխարհի լեզվով խոսել աշխարհի հետ և լինել հետաքրքիր: Շատ կարևոր է փորձել զերծ մնալ ներքին լսարանի դոմինանտիվ ախտանիշից»:

Տեսանյութեր

Լրահոս