Արտաշատը քաղաքապետ կընտրի նոյեմբերի 5-ին
Արարատի մարզի Արտաշատ համայնքի ղեկավարի արտահերթ ընտրությունները կկայանան 2017 թ. նոյեմբերի 5-ին։ Այս մասին որոշում կառավարությունը նախատեսում է ընդունել վաղվա նիստում։
Ըստ նախագծի՝ այդ օրը նշանակված է՝ որպես տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների անցկացման օր՝ ԿԸՀ նախագահի որոշմամբ:
Հիշեցնենք, որ Արտաշատի արդեն նախկին ղեկավար Արգամ Աբրահամյանն ապրիլի 2-ին «Ծառուկյան» դաշինքից ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր։ Նա համայնքը ղեկավարում էր 2015 թ. հունիսից։ Այս տարի մայիսի 17-ին Արտաշատի ավագանին կազմել է համայնքի ղեկավարի լիազորությունների դադարեցման մասին արձանագրություն:
Արտաշատի քաղաքապետի պաշտոնին հավակնում է Գագիկ Պողոսյանը, ով մինչ այս զբաղեցրել էր փոխքաղաքապետի պաշտոնը: Նա նախկին ՀՀԿ-ական Կարինե Պողոսյանի եղբայրն է և համարվում է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի թիմակիցը:
ՀՀԿ-ն իր թեկնածուի անունը դեռ չի հրապարակել: Ըստ շրջանառվող լուրերի՝ Արտաշատն իրենց տիրապետության տակ վերցնել են ցանկանում Գրիգորյանները (Ավշարի Գրիգորյան եղբայրները):