ՆԱՏՕ-ի պաշտոնյան վերահաստատել է Դաշինքի աջակցությունը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ջանքերին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հունիսի 12-ին ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի՝ Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրային: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից՝ հավելելով. «Ողջունելով հյուրին` արտգործնախարարը դրական գնահատեց Հայաստան-ՆԱՏՕ փոխգործակցության շրջանակներում արձանագրված արդյունքները:
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձան Հայաստանի և Հյուսիսատլանտյան դաշինքի համագործակցությանը վերաբերող մի շարք օրակարգային հարցերի` Գործընկերություն հանուն խաղաղության, Եվրաատլանտյան գործընկերության խորհրդի և Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (ԱԳԳԾ) ուղղություններով իրականացվող փոխգործակցությանը:
Էդվարդ Նալբանդյանը Ջեյմս Ապատուրային ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի առաջ մղման նպատակով համապատասխան պայմանների ստեղծմանն ուղղված՝ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը վերահաստատեց Դաշինքի աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերին:
Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին մի շարք հրատապ միջազգային և տարածաշրջանային խնդիրների շուրջ»: