Մոնտենեգրոն դարձավ ՆԱՏՕ-ի 29-րդ անդամը
Մոնտենեգրոն դարձավ Հյուսիսատլանտյան դաշինքի 29-րդ անդամը: Ինչպես հաղորդում է ՆԱՏՕ-ի պաշտոնական կայքը, ՆԱՏՕ-ին երկրի անդամակցության պայմանագիրն ի պահ հանձնվեց ԱՄՆ պետքարտուղարությանը, ինչպես և նախատեսված է կազմակերպության հիմնադիր Վաշինգտոնի պայմանագրով:
ՆԱՏՕ-ին Մոնտենեգրոյի անդամակցությանը նվիրված միջոցառման ընթացքում կազմակերպության գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն ընդգծել է, որ այդ քայլը կնպաստի միջազգային խաղաղությանն ու կայունությանը, ինչպես նաև կրկին կհիշեցնի ՆԱՏՕ-ի «բաց դռների» քաղաքականության մասին: Միջոցառմանը մասնակցում էին նաև Մոնտենեգրոյի վարչապետ Դուշկո Մարկովիչը, արտաքին գործերի և ինտեգրացիայի նախարար Սրդան Դարմանովիչը և ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Թոմաս Շենոնը:
«Այսօր Մոնտենեգրոն միանում է դաշինքին որպես հավասար անդամ և իր ձայնն է ունենալու դաշինքի կայացրած որոշումներում»,- նշել է Ստոլտենբերգը՝ հավելելով, որ Վաշինգտոնի պայմանագրի 5-րդ հոդվածը ապահովում է անդամ երկրների անվտանգությունն արդեն շուրջ յոթ տասնամյակ:
ՆԱՏՕ-ի վերջին ընդլայնումը տեղի էր ունեցել 2009թ-ի ապրիլի 1-ին, երբ կազմակերպությանը միացել էին Ալբանիան և Խորվաթիան: