Բաժիններ՝

Ի՞նչ սպասել Հայաստան-Սենթ Քիթս և Նևիս խաղից. Մեկնաբանում է Արթուր Պետրոսյանը

Հունիսի 10-ին Պոդգորիցայի «Գրադսկի» մարզադաշտում կկայանա Աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական փուլի Չեռնոգորիա-Հայաստան հանդիպումը: Այս խաղի նախապատրաստական շրջանում ազգային հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի Սենթ Քիթս և Նևիսի հետ: Այս հանդիպումը կկայանա հունիսի 4-ին՝ ժամը 20:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում:

Ի՞նչ է պետք սպասել այս հանդիպումից և ինչպիսի՞ն կլինի հավաքականի ընտրած մարտավարությունն ու մեկնարկային կազմը: Այս հարցերին պատասխանում է հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը:

Արթուր Պետրոսյանը կրկին նշել է, որ ի սկզբանե չի եղել մտադրություն խաղալ Սենթ Քիթս և Նևիսի հավաքականի դեմ, սակայն հանգամանքների բերումով շատ կարճ ժամանակ էր մնացել և պայմանավորվածություն ձեռք բերվեց հենց այս հավաքականի հետ: Ըստ Արթուր Պետրոսյանի՝ նախապատրաստական այս խաղում կարևորը ոչ թե մրցակիցն է, այլ լավ և որակով ֆուտբոլը:

Այս ընկերական խաղը լինելու է հիմնականում փորձարկումների համար, և թիմը խաղալու է ոչ թե հաշվի, այլ Չեռնոգորիայի դեմ խաղին լավ պատրաստվելու համար:

Խոսելով կազմի մասին՝ Արթուր Պետրոսյանը նշում է, որ իրենք փորձել են լրացնել բացակայող ֆուտբոլիստների բացը: Հավաքականի առաջատր Հենրիխ Մխիթարյանը գուցե խաղա մեկ խաղակես, քանի որ նա լավ մարզավիճակում է և նրա դեպքում խնդիրներ գրեթե չկան: Այս օրերին Երևանում է «Մանչեսթեր Յունայթեդի» նկարահանող խումբը և Մխիթարյանը գուցե խաղա հենց նրանց համար:

Խոսելով վնասվածք ստացավ Գոռ Մալաքյանի մաասին՝ հավաքականի մարզիչը նշում է, որ ի սկզբանե նա չէր հավակնում Մոնտենեգրոյի հետ խաղում լինել մեկնարկային կազմում, քանի որ չունի խաղային պրակտիկա: Նա կարող էր միայն փոխարինվել:

Հարձակման գծի ֆուտբոլիստները երեքն են՝ Բարսեղյան, Կորյան և Սարկիսով: Այս երեք ֆուտբոլիստները, ըստ մարզչի՝ պատրաստ են հանդիպմանը և բավականին լավ պրակտիկա ունեն:

Վերջին օրերին ամենից շատ քննարկվում է Դավիթ Յուրչենկոյի՝ հավաքական հրավիրվելն ու նրա ոչ կայուն պատասխանները: Արթուր Պետրոսյանը նշում է, որ Յուրչենկոյի՝ հավաքականի հրավերը մերժելը ոչինչ չի նշանակում, քանի որ թիմի հիմնական դարպասապհը հիմա Արսեն Բեգլարյանն է, ում հետ խնդիրներ չկան: Ըստ գլխավոր մարզչի՝ բացի Բեգլարյանից հավաքականն ունի նաև երկու այլ դարպասապահներ՝Գրիգոր Մելիքսեթյանն ու Արամ Հայրապետյանը, ովքեր ևս բավականին լավ շրջան են անցկացնում: Ընկերական խաղը կսկսի Արսեն Բեգլարյանը, սակայն ընթացքում հնարավոր է, որ մարզիչը փորձարկի մյուս դարպասապահներին ևս:

Արթուր Պետրոսյանը նշում է, որ հավաքականը առաջիկա խաղերում պետք է լուծի մի քանի հիմնական խնդիրներ՝ բարձրացնել խաղամակարդակը, դուրս գալ դաշտ՝ հաղթելու համար և լուծել տակտիկական խնդիրները:

Հավաքականի մարզիչը, ով դեռ նոր է ստանձնել հավաքկանի ղեկը, նշում է, որ սա իր պատկերացրած հավաքականի միայն սկիզբն է և առաջիկայում դեռ շատ փոփոխություններ են լինելու:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս