ՌԴ ՊՆ-ն հերքում է. ռուսական ուղղաթիռը չի խախտել Վրաստանի օդային տիրույթը
ՌԴ պաշտպանության նախարարությունը հերքել է Վրաստանի պաշտպանության նախարարության հայտարարությունն այն մասին, թե ռուսական ռազմական ուղղաթիռը խախտել է Վրաստանի օդային տիրույթը:
«Վերջին օրերին այն տարածքներում, որոնք հարակից են վրացական սահմանին, ռուսական ռազմական ուղղաթիռները ոչ մի թռիչք չեն իրականացրել: Պատահական չէ, որ վրացական ռազմական գերատեսչության ներկայացուցիչների մեղադրանքները անցած օրվա ընթացքում անգամ մոտավոր չէին մատնանշում Վրաստանի օդային տիրույթի խախտման տեղը»,- հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության մամլո ծառայության ու տեղեկության վարչության պետ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:
Նա իր վրացի գործընկերներին խորհուրդ է տվել «մինչ հաջորդ անգամ աղմկոտ հայտարարություններ անելը հենվել օբյեկտիվ վերահսկողության տվյալների, մասնավորապես ռադիոտեղորոշիչ միջոցների վրա»:
Հիշեցնենք, որ Վրաստանը երեկ հայտարարել է, որ ռուսական ռազմական ուղղաթիռը խախտել է իր օդային տիրույթը դեկտեմբերի 9-ի երեկոյան ու դեկտեմբերի 10-ի առավոտյան:
Ինչպես լրագրողներին հայտնել էին Վրաստանի ՊՆ-ից, «ռուսական «Մի-8» ուղղաթիռը հատել է օկուպացված սահմանն ու մի քանի րոպե անց հետ է գնացել»: