Բաժիններ՝

Պուտինը հանձնարարել է «Սու-24»-ի սև արկղը վերծանել օտարերկրյա մասնագետների հետ

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին է ներկայացրել թուրք-սիրիական սահմանի հարևանությամբ խոցված ռուսական «Սու-24» ռմբակոծիչ ինքնաթիռի պարամետրիկ ինքնագրիչ սարքը, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

«Մենք ակտիվորեն աշխատել ենք այն տարածքում, որտեղ տեղակայված են մեր օդաչուին գնդակահարած զինյալներն ու այլ բառ չեմ կարող գտնել, այդ աշխատանքի արդյունքում այդ տարածքներն ազատագրվել են հատուկ օպերացիաների միջոցով ու սիրիական բանակի հատուկ նշանակության ջոկատի կողմից՝ անձնակազմի որոնման ժամանակ, ու սիրիացի զինվորականները, հետազոտելով տարածքը, հայտնաբերել են մեր ինքնաթիռի ընկնելու վայրը»,- հայտարարել է Շոյգուն Պուտինի հետ հանդիպմանը:

Նրա խոսքով՝ զինյալները չեն հասցրել ինքնագրիչը տանել իրենց հետ: Պուտինը հայտարարել է, որ ինքնագրիչի վերծանումը կօգնի պարզել ռուսական ինքնաթիռի տեղաշարժը, ինչպես նաև այն վայրը, որտեղ այն գտնվել է ոչնչացման պահին:

Միաժամանակ, ՌԴ նախագահը հանձնարարել է Շոյգուին չբացել ինքնագրիչը, այլ դա անել օտարերկրյա մասնագետների հետ ու ամեն ինչ մանրամասն գրանցել:

«Միանգամից ցանկանում եմ ասել, որ, իհարկե, մեզ հարկավոր է իմանալ, սակայն ինչ էլ որ մենք իմանանք, մեր վերաբերմունքը թուրքական իշխանությունների արածի նկատմամբ չի փոխվի: Մենք Թուրքիային վերաբերվել ենք ոչ միայն որպես բարեկամական երկրի, այլև ահաբեկչության դեմ պայքարի դաշնակցի ու ոչ ոք չէր սպասում այդ ստոր, դավաճանական՝ թիկունքից հասցված հարվածը»,- կրկին հայտարարել է Պուտինը:

Հիշեցնենք, որ ռուսական ինքնաթիռը թուրքական ավիացիայի կողմից խոցվել է նոյեմբերի 24-ին: Երկու օդաչուներին էլ հաջողվել էր կատապուլտ կատարել: Նրանցից մեկը վայրէջքի ժամանակ սպանվել էր:

Թուրքիան հայտարարել է, թե ինքնաթիռը խախտել է իր օդային տիրույթը, ինչի հետևանքով էլ խոցվել է: Ռուսաստանը հերքում է այդ պնդումները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս