Զարուհի Փոստանջյանը քաղաքացիական ընդվզման կոչ է անում
Գործող իշխանությունները, չնայած օգտագործեցին ողջ զինանոցը` ընտրությունները կեղծելու համար, սակյան 400 հազարից ավելի քաղաքացիներ դեմ քվեարկեցին: Այս մասին այսօր ԱԺ նիստում 2016 թ. բյուջեի նախագծի քննարկման ժամանակ «Ժառանգություն» խմբակցության անունից հայտարարեց Զարուհի Փոստանջյանը:
Ըստ նրա՝ ընտրողների համեմատաբար ցածր մասնակցությունը հանրաքվեին ցույց է տալիս, որ այն պայմանավորված էր ավելի շատ քաղաքական շահերով, ոչ թե հասարակական կարիքներից ելնելով, և բազմաթիվ քաղաքացիների կողմից ընկալվել է որպես վստահության քվե կառավարությանը, իսկ անցումը խորհրդարանական կառավարման համակարգին ընկալվել է որպես գործող նախագահի համար իշխանության մնալու քայլ նախագահության երկրորդ ժամկետի ավարտից հետո: Զ.Փոստանջյանը նշեց, որ նաև ԵԽԽՎ-ն է հայտարարել համատարած ընտրակեղծիքների մասին:
«Բյուջեն չի լուծելու հասարակության առջև ծառացած ոչ մի խնդիր, ավելին՝ այն ապացուցում է, որ 2016 թ. լինելու է ճգնաժամային տարի, քաղաքացին ոչ միայն քաղցած է լինելու, այլ ավելի քաղցած է լինելու, ավելի է լինելու արտագաղթը և բնական պայման է առաջ գալիս, որ տեղի ունենան արտահերթ խորհրդարանական և նախագահական ընտրություններ»,- ասաց Զ. Փոստանջյանը:
ԱԺ ամբիոնից նա կոչ արեց ՀՀ քաղաքացիներին իրենց «ոչ»-ին տեր կանգնել փողոցում, քաղաքացիական ընդվզման միջոցով՝ սկսելով չվճարել արագաչափերի տուգանքները:
«Իրական խուճապի մեջ են նրանք, ովքեր անընդհատ կոչեր են անում չհիասթափվելու: Ժողովուրդ ջան, էս կոչերին որ լսեք, հաստատ ավելի մեծ տուգանքների տակ կընկնեք»,- կանխագուշակեց ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը: