Վլադիմիր Գասպարյանը քվեարկել է և՛ «այո», և՛ «ոչ». Tert.am

ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին մասնակցեց Երևանի Կենտրոն վարչական շրջանում տեղակայված 9/14 ընտրատեղամասում։ Այստեղ ոստիկանապետն առաջին ընտրողն էր, ինչի համար էլ հանձնաժողովի անդամները նրա քվեարկությունից հետո ծափահարեցին։

Ինչպես Tert.am-ի հետ զրույցում կատակեց ՀՀ ոստիկանապետը, իսկ իրականում որևէ քարոզչություն չանելու համար ասաց, որ քվեարկել է և «այո», և՛ «ոչ», ապա ավելացրեց, որ քվեարկել է հանուն զարգացման: Հիշեցնենք, որ երբ նախորդ նախագահական ընտրություններից հետո Հայաստանում ներքաղաքական իրավիճակը լարված էր, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը ապրիլի 9-ի՝ Ազատության հրապարակում իր «նախագահական երդմնակալությունից» հետո ընդունելով Վլադիմիր Գասպարյանի՝ Ծիծեռնակաբերդ գնալու առաջարկը և այնտեղ նրա հետ աղոթելուց հետո երկար ժամանակ քննադատվում էր այս վճռորոշ օրը՝ ժողովրդին փողոցում առաջնորդ թողնելու համար: Ավելի ուշ նա մեկնաբանելով, իր այդ քայլը, ասաց, որ չի ամաչում աղոթելուց և ավելացրեց, որ այդ օրը խուսափեց արյունից:

Հիմա Րաֆֆի Հովհաննիսյանը ընդդիմության մեկ այլ թևի հետ կրկին Ազատության հրապարակում է: Ի պատասխան հարցի, եթե ներքաղաքական իրավիճակը հանրապետությունում կրկին լարված լինի, կհրավիրի՞ Րաֆֆի Հովհաննիսյանին աղոթքի, Վլադիմիր Գասպարյանը ժպտալով ասաց՝ շատ հնարավոր է ու ավելացրեց. «Աղոթքից պետք չէ վախենալ, չաղոթողներից է պետք վախենալ: Աղոթքից պետք չէ ամաչել, ես աղոթում եմ տասնյակ անգամ, երևի …, չեմ հաշվել: Անցնենք»։ Ի պատասխան հարցին, թե իրեն քննադատում են, պատճառաբանելով, թե, փաստորեն, Րաֆֆի Հովհաննիսյանին արջի ծառայություն է մատուցել, Վլադիմիր Գասպարյանն ասաց. «Ես ոչ մեկին ոչ մի ծառայություն չեմ մատուցում, բացի իմ հայրենիքից, իսկ թե ով ինչ է մտածում, իրենց մտավոր ունակությունների խնդիրն է»։

Տեսանյութեր

Լրահոս