Էկոլոգիական վնասն այնքան մեծ է, որ սա որպես բացասական պրոցես ենք ընկալում. Կ Դանիելյանը՝ փոքր հէկ-երի մասին

Որքանո՞վ է հավանական այլընտրանքային էներգետիկայի զարգացումը մեր երկրում ու ի՞նչ կտա այն էկոլոգիային: «Հանուն մարդկային կայուն զարգացման» ՀԿ-ի ղեկավար, բնապահպան Կարինե Դանիելյանն այսօրվա ասուլիսին ասաց, որ երբ սկսվեց փոքր հէկ-երի զարգացման ծրագիրը, իրենք շատ ուրախացան, որ վերականգնվող էներգետիկ աղբյուրների օգտագործումը զարգանում է. «Բայց փորձը ցույց տվեց, որ էկոլոգիական վնասն այնքան մեծ է, որ սա որպես բացասական պրոցես ենք ընկալում: Նախ՝ մեթոդը թերություն ունի. շատ մինիմալ էկոլոգիական թողք է ապահովում: Իսկ եթե հաշվի առնենք, որ տնտեսվարողները դա էլ չեն անում, էկոհամակարգերին հսկայական վնաս ենք տալիս: Բացի այդ՝ համայնքները զրկվում են ոռոգման ջրից: Ունենք գետեր, որտեղ մի հէկ-ը վերջանում է, մյուսը՝ սկսվում և ամբողջ գետը խողովակի մեջ է:

Հաշվի առնելով, որ մեր գետերն, իրոք, փոքր են և սեզոնային շատ մեծ փոփոխություններ ունեն, Բնապահպանության նախարարությունը տարբեր մասնագետների հետ ձեռնարկել է այդ մեթոդի փոփոխությունը: Մեթոդը հաշվում էր միայն հիդրոմորֆոլոգիական մոտեցումը, այսինքն՝ գետը ինչպիսին է, որքան ջուր է հարկավոր, հիմա ավելացվում են նաև քիմիական և կենսաբանական կոմպոնենտները: Փոփոխության արդյունքը կլինի այն, որ ավելի քիչ ջուր կվերցնեն և էկոլեգիական հոսքն ավելի մեծ կլինի: Փոքր հէկ-երի շահագործողներին դա ձեռնտու չէ, և հարց է բարձրանում՝ հետադարձ ուժ կունենա՞, թե ո՞չ»:

Բնապահպանը նշեց, որ տարածաշրջանում միակն ենք, որ ունենք քամուց էներգիա ստացող կայան, որը, սակայն, կանոնավոր չի աշխատում. «Էներգետիկայի նախարարության ծրագրերում կա՝ օգտագործել նաև ընդերքի ջերմությունը, և երկու կամ ավելի արեգակնային, ֆոտոմոնտաժային կայան կառուցել: Եթե նախկինում ասում էին, որ այդ տեխնոլոգիան թանկ է, ապա հիմա այդպես չէ, որովհետև օրեցօր էժանանում է և մատչելի դառնում»:

 

 

Տեսանյութեր

Լրահոս