Դանիել Իոաննիսյանը ԿԸՀ հորդորով հեռացրեց Էդմոն Մարուքյանի վերաբերյալ գրառումը
Դանիել Իոաննիսյանը ԿԸՀ հորդորով հեռացրեց Էդմոն Մարուքյանի վերաբերյալ գրառումը։ Այս մասին «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ, «Անկախ դիտորդ» դիտորդական դաշինքի անդամ Դանիել Իոաննիսյանը գրել է ֆեյսբուքյան իր էջում։
«ԿԸՀ հորդորով (ոչ պահանջով), ի հարգանք 10+ տարվա գործընկերության, հեռացնում եմ թեկնածուներից մեկի մասին շաբաթվա սկզբում կատարածս գրառումը։
Բայց, քանի որ հարցն այդ ռակուրսից շատ քննարկվեց, ասեմ, որ եթե ԿԸՀ անդամներին ներկայացնող պահանջը օրենսդիրը ձևակերպել է «զսպվածություն», դիտորդի համար սահմանված պահանջը «չեզոքություն» է։
Հետևաբար բառապաշարի առումով նույնանման ակնկալիքներ չեն կարող լինել դիտորդից ու հանձնաժողովի անդամից»,-գրել է նա։
Հիշեցնենք, որ հայտնել էինք՝ ԿԸՀ-ն մերժեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության դիմումը՝ զրկել «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ին և Դանիել Իոնիսյանին դիտորդական մանդատից, սակայն նաև կոչ արեց վերացնել ԼՀԿ-ի մասին բացասական հրապարակումներն ու չկրկնել դրանք:
Մայիսի 26-ին «Անկախ դիտորդ» դաշինքի անդամ, «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան էջում գրառում էր արել, թե «ռուսաստանյան ФСБ–ի թղթերում» ԼՀԿ առաջնորդ Էդմոն Մարուքյանը նշված է որպես ЛОМ (лидер общественного мнения)։
ԼՀԿ–ն դիմել էր ԿԸՀ` խնդրելով հավատարմագրումից զրկել Իոաննիսյանի կազմակերպությանը, քանի որ նա իրականացրել է հակաքարոզչություն՝ թիրախավորելով կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանին։



