Բաժիններ՝

Իրանի երկնքում խոցված F-15 կործանիչը կարող էր հարված ստանալ չինական հրթիռից․ NBC News

Ամերիկյան F-15E Strike Eagle կործանիչը, որը ապրիլին խոցվել էր Իրանի հարավ-արևմուտքում և որի պատճառով բարդ փրկարարական գործողություն էր սկսվել, ամենայն հավանականությամբ, հարված է ստացել չինական արտադրության դյուրակիր զենիթահրթիռային համալիրից (ԴԶՀՀ)։ Այս մասին NBC News-ին հայտնել են միջադեպի մանրամասներին ծանոթ երեք աղբյուրներ։

Հեռուստաալիքի զրուցակիցների տվյալներով՝ հակամարտության առաջին օրերին Չինաստանը կարող էր Իրանին տրամադրել նաև YLC-8B տեսակի հեռահար հայտնաբերման ռադիոլոկացիոն կայան, որն ընդունակ է որսալ հակաօդային պաշտպանության համակարգերը շրջանցելու համար նախատեսված անտեսանելի ինքնաթիռները։ Այդուհանդերձ, աղբյուրները նշում են, որ դեռևս պարզ չէ՝ արդյոք այդ համալիրը կիրառվել է մարտական գործողությունների ժամանակ, թե ոչ։

ԱՄՆ իշխանությունները շարունակում են քննել կործանիչի ոչնչացման հանգամանքները։ Ինչպես նկատում է NBC News-ը, սա վերջին տասնամյակների ընթացքում առաջին դեպքն է, երբ ամերիկյան կործանիչ է խոցվում հակառակորդի կրակից։

Հստակ չէ, թե կոնկրետ երբ է ենթադրյալ չինական սպառազինությունը փոխանցվել Իրանին։ Աղբյուրների փոխանցմամբ՝ հրթիռը, որով հավանաբար խոցվել է ինքնաթիռը, կարող էր թե՛ նոր մատակարարված լինել, թե՛ արդեն իսկ գտնվել իրանական զինանոցում՝ ավելի վաղ արված մատակարարումների կազմում։

Իրանի կողմից չինական արտադրության սպառազինության կիրառումն ավելի է բարդացնում Վաշինգտոնի և Պեկինի հարաբերությունները՝ հակամարտության դադարեցմանն ուղղված դիվանագիտական ջանքերի ֆոնին։ Դոնալդ Թրամփի վարչակազմն ավելի վաղ նպաստել էր հրադադարի հաստատմանը՝ Չինաստանի ղեկավար Սի Ծինփինի հետ կարևոր հանդիպմանն ընդառաջ։ Չինաստանը, որն իրանական նավթի հիմնական գնորդն է, բազմիցս հայտարարել է պատերազմն ավարտելու անհրաժեշտության մասին։

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն նշել է, որ շատ երկրներ բախվում են նավթի գների բարձրացման հետևանքներին և պետք է շահագրգռված լինեն հակամարտության կարգավորմամբ։ Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ Վաշինգտոնն այս նպատակին հասնելու համար չի կարող հույս դնել Պեկինի օգնության վրա։

Ինքնաթիռի կործանումից հետո Թրամփը հայտնել էր, որ կործանիչը խոցվել է «երկիր-օդ» դասի դյուրակիր հրթիռով։ Նման համակարգերը, որոնք հայտնի են որպես ԴԶՀՀ, համարվում են ցածր թռչող օդային թիրախների խոցման համեմատաբար էժան և արդյունավետ միջոց։

Անձնակազմի երկու անդամներն էլ կատապուլտվել են։ Օդաչուին հաջողվել է տարհանել յոթ ժամվա ընթացքում, մինչդեռ սպառազինության համակարգերի սպային գտել և փրկել են միայն երկու օր անց։ Պենտագոնի տվյալներով՝ այս ամբողջ ընթացքում նա թաքնվել է Զագրոսի լեռնաշղթայի ստորոտներում։

Fox News-ին տված հարցազրույցում Թրամփը պատմել է, որ Սի Ծինփինն իրեն վստահեցրել է, թե Իրանին զենք չի մատակարարվում։ Ավելի ուշ ԱՄՆ նախագահը լրագրողներին հայտարարել է, որ հավատում է այդ խոստմանը և բարձր է գնահատում այն։

Չինաստանի դեսպանատունն իր հերթին հերքել է այս մեղադրանքները։ Դիվանագիտական առաքելության ներկայացուցիչը հայտարարել է, որ Չինաստանը պատասխանատու մոտեցում ունի ռազմական արտադրանքի արտահանման հարցում, խստորեն հետևում է ներպետական օրենսդրությանն ու միջազգային պարտավորություններին, ինչպես նաև դեմ է անհիմն մեղադրանքներին ու կանխակալ մեկնաբանություններին։

Ավելի վաղ NBC News-ը հայտնել էր, որ ամերիկյան հետախուզությունը տվյալներ ունի այն մասին, որ Չինաստանը հնարավոր է պատրաստվում է հակաօդային պաշտպանության միջոցների նոր խմբաքանակ մատակարարել Իրանին։ Բացի այդ, այս ամիս Թրամփի վարչակազմը Պեկինին մեղադրել էր Թեհրանին չինական արբանյակային համակարգերից օգտվելու հնարավորություն տալու մեջ, որոնց միջոցով Իրանը թիրախավորում է Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ուժերը։ Այս առնչությամբ Պետքարտուղարությունը պատժամիջոցներ է սահմանել չինական երեք արբանյակային ընկերությունների նկատմամբ։ Չինաստանը հերքել է նաև այս մեղադրանքները։

Քննարկումներին ծանոթ ամերիկացի պաշտոնյայի խոսքով՝ Վաշինգտոնն ուշադիր հետևում է Իրանի հարցում Պեկինի քայլերին։ Այդուհանդերձ, նրա գնահատմամբ, Չինաստանի կողմից ցուցաբերվող աջակցությունը զգալի ազդեցություն չի ունեցել ռազմական գործողությունների ընթացքի վրա և չի փոխել մարտի դաշտում տիրող իրավիճակը։

Չինաստանն ակտիվորեն զենք է մատակարարել Իրանին 1980-ական և 1990-ական թվականներին, այդ թվում՝ բալիստիկ և հականավային հրթիռներ, տանկեր, հրետանի և մարտական ինքնաթիռներ։ 2006 թվականին Իրանի նկատմամբ ՄԱԿ-ի զենքի էմբարգոյի սահմանումից հետո Պեկինը կրճատել էր լայնածավալ ռազմատեխնիկական համագործակցությունը՝ կենտրոնանալով երկակի նշանակության բաղադրիչների և տեխնոլոգիաների մատակարարման վրա։

Փորձագետները նշում են, որ երկար տարիներ Չինաստանը մնացել է Իրանի տնտեսական գլխավոր հենարանը՝ չնայած ամերիկյան պատժամիջոցներին։ Նրանց կարծիքով՝ երկակի նշանակության տեխնոլոգիաների ու արտադրանքի մատակարարումները նպաստել են իրանական ռազմական արդյունաբերության և ներքին անվտանգության համակարգերի զարգացմանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031