Կոլումբիայում գրոհայինների միջև բախումների հետևանքով շուրջ 50 մարդ է զոհվել․ RCN
Կոլումբիայի կենտրոնական հատվածում երկու զինված խմբավորումների միջև տեղի ունեցած բախումների հետևանքով շուրջ 50 մարդ է զոհվել։ Այս մասին հայտնել է RCN ռադիոկայանը՝ հղում անելով Գուավյարե դեպարտամենտի նահանգապետ Յեիսոն Ռոխասին։
«Այս պահին մեր ունեցած տեղեկությունները ստացել ենք տեղի բնակիչներից և տարածքային առաջնորդներից։ Մեզ խնդրել են օգնել մարմինները դուրս բերել այդ գոտուց։ Նրանք խոսում են 48 զոհի մասին, որոնք սպանվել են այս շրջանում գործող «Կալարկի» և «Իվան Մորդիսկո» խմբավորումների միջև բախումների հետևանքով»,- նահանգապետի խոսքերն է մեջբերում RCN-ի կայքը։
Ռադիոկայանի տվյալներով՝ բախումները շարունակվում են մայիսի 26-ից։ Կոլումբիայի բանակը հայտնել է, որ այդ տարածքում զինվորականներ են տեղակայվել՝ «խաղաղ բնակչությանը պաշտպանելու, անվտանգությունն ուժեղացնելու, տարածքի նկատմամբ վերահսկողությունը պահպանելու, ինչպես նաև մարդու իրավունքների ու միջազգային հումանիտար իրավունքի նորմերի պահպանումն ապահովելու համար»։



