Թրամփը պատրաստ է ևս մի քանի օր սպասել խաղաղության համաձայնության վերաբերյալ Իրանից «ճիշտ պատասխան» ստանալու նպատակով
Ինչպես հաղորդում է Reuters-ը, մայիսի 20-ին լրագրողների հետ զրույցում Թրամփն ընդգծել է, որ իրավիճակը «սահմանագծին է» և կարող է արագ սրվել։
«Հավատացեք ինձ, եթե մենք չստանանք ճիշտ պատասխաններ, ապա ամեն ինչ շատ արագ կլինի։ Մենք բոլորս պատրաստ ենք սկսել», – ասել է ԱՄՆ նախագահը։
Հարցին, թե որքան երկար նա կսպասի, Թրամփը պատասխանել է. «Դա կարող է մի քանի օր լինել, բայց կարող է շատ արագ տեղի ունենալ»։
Պաշտոնական Թեհրանը նախօրեին նախազգուշական հայտարարություն էր տարածել ամերիկյան հնարավոր հարձակման վերաբերյալ։ «Եթե Իրանի դեմ ագրեսիան կրկնվի, այս անգամ խոստացված տարածաշրջանային պատերազմը կտարածվի տարածաշրջանից դուրս», – ասվում էր Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հայտարարության մեջ։
Իսկ Իրանի՝ խաղաղության գլխավոր բանակցող, խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաքեր Ղալիբաֆը սոցիալական ցանցերում հրապարակված աուդիոուղերձում նշել է, որ «թշնամու ակնհայտ և թաքնված քայլերը» ցույց են տալիս, որ ամերիկացիները նոր հարձակումներ են նախապատրաստում։



