Իրանի հետ կապված խնդիրները պետք է լուծվեն դիվանագիտական ճանապարհով. Կատարի վարչապետ
Կատարի վարչապետ, արտգործնախարար շեյխ Մուհամմադ բին Աբդ ալ-Ռահման ալ-Թանին մայիսի 12-ին Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Իրանի հետ կապված խնդիրները պետք է լուծվեն դիվանագիտական ճանապարհով։ Այս մասին հաղորդում է Al Jazeera-ն։
Վարչապետի խոսքով՝ Կատարը կշարունակի խորհրդակցել Պարսից ծոցի երկրների հետ՝ տարածաշրջանում խաղաղությունը վերականգնելու համար։
Նա հավելել է, որ պետք է շարունակվեն դռնփակ բանակցությունները՝ Իրանի դեմ ԱՄՆ-Իսրայել պատերազմն ավարտին հասցնելու համար։
Կատարի վարչապետը քննադատել է Լիբանանի և Գազայի վրա Իսրայելի շարունակական հարձակումները և ընդգծել, որ Թուրքիան դարձել է «առաջատար գործընկեր» այս կարևոր տարածաշրջանային հարցերում։
Նա հավելել է, որ և՛ Դոհան, և՛ Անկարան աջակցում են Պակիստանի միջնորդական ջանքերին՝ Իրանի դեմ ԱՄՆ-Իսրայել պատերազմը դադարեցնելու հարցում։
Անդրադառնալով Հորմուզի նեղուցի խնդիրներին՝ վարչապետը նշել է, որ ջրային ուղին «օգտագործվել է որպես զենք այս պատերազմում», որը ծանր հետևանքների է հանգեցնում Պարսից ծոցի երկրների համար, մասնավորապես՝ տնտեսական առումով։
«Իրանը չպետք է օգտագործի այս նեղուցը որպես Պարսից ծոցի երկրների վրա ճնշում գործադրելու կամ նրանց շանտաժի ենթարկելու միջոց», – հայտարարել է Կատարի գլխավոր դիվանագետը։
Ֆիդանը ներկայում գտնվում է Կատարում՝ Բարձրագույն ռազմավարական կոմիտեի 12-րդ նիստի նախապատրաստական աշխատանքներին հետևելու և վերջին հարձակումներից հետո Կատարի հետ Թուրքիայի համերաշխությունը վերահաստատելու համար։
Կատարի վարչապետը վերջերս Վաշինգտոնում բանակցություններ է վարել ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հետ՝ քննարկելով պատերազմի հետևանքները Պարսից ծոցում և Մերձավոր Արևելքում։



