Հաղթանակի օրվա միջոցառումների շրջանակում Մոսկվան ուժեղացնում է Պուտինի անվտանգությունը․ Պեսկով
Մոսկվայում Հաղթանակի օրվա տոնակատարությունների շրջանակում անհրաժեշտ միջոցներ են ձեռնարկվում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին պաշտպանելու համար Կիևից հնարավոր սպառնալիքի ֆոնին։ Այս մասին հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ նշելով, որ սա ցանկացած պետության ղեկավարի անվտանգությունն ապահովելու նորմալ գործելակերպ է։
«Դուք գիտեք, որ մեծ տոների նախօրեին (և, իհարկե, Հաղթանակի օրը մեր երկրի ամենակարևոր տոներից մեկն է) համապատասխան հատուկ ծառայությունները միշտ ձեռնարկում են լրացուցիչ անվտանգության միջոցառումներ։ Ինչպես աշխարհի յուրաքանչյուր պետության ղեկավարի դեպքում, լինեն դրանք Ամերիկայի պետությունների ղեկավարներ, Եվրոպայի պետությունների ղեկավարներ, Ասիայի պետությունների ղեկավարներ և այլն, համապատասխան միջոցներ են ձեռնարկվում Ռուսաստանի ղեկավարի անվտանգությունն ապահովելու համար», – նշել է նա։
Պեսկովը նաև շեշտել է, որ քաղաքացիների անվտանգության ապահովումը Ռուսաստանի իշխանությունների համար բացարձակ առաջնահերթություն է, և ձեռնարկված բոլոր միջոցառումները համապատասխանում են օրենքին։
Նա նշել է, որ Պուտինը պատրաստվում է մայիսի 9-ին կայանալիք հանդիպումներին, և որ մայրաքաղաք կժամանեն օտարերկրյա հյուրեր։
Ուկրաինայի հետ հրադադարի վերաբերյալ խոսնակը նշել է, որ Ռուսաստանի կողմից Հաղթանակի օրվա կապակցությամբ հայտարարված հրադադարը ուժի մեջ կմտնի մայիսի 8-ին և 9-ին։
Ուկրաինայի կողմից մայիսի 6-ի գիշերը հայտարարված հրադադարի վերաբերյալ նա նշել է, որ ռուսական կողմից որևէ արձագանք չի եղել։
Պեսկովը նաև հայտնել է, որ Ռուսաստանը շարունակում է բաց մնալ Ուկրաինայի հետ հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների համար։
«Մենք ակնկալում ենք, որ Վաշինգտոնը կշարունակի իր բարի կամքը և նրանց ծառայությունները, ովքեր նպաստում են բանակցային գործընթացին: Մենք բարձր ենք գնահատում այդ ծառայությունները», – ասել է Պեսկովը։
Անդրադառնալով ԵՄ-ի վարած քաղաքակությանը՝ Պեսկովը նշել է, որ ԵՄ մի քանի երկիր առաջնորդում են մայրցամաքում զգալի առճակատման և լարվածության սրման ճանապարհը։
«Վարշավան բացահայտորեն Մոսկվային ներկայացնում է որպես գլխավոր սպառնալիք, ինչը Ռուսաստանը կտրականապես մերժում է»,- նշել է նա։



