Ռուբիոն կոչ է արել ՌԴ-ին և Չինաստանին պաշտպանել Հորմուզի նեղուցի շուրջ ՄԱԿ ԱԽ բանաձևի նախագիծը
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կարծում է, որ Ռուսաստանի և Չինաստանի շահերից է բխում Հորմուզի նեղուցի շուրջ ՄԱԿ Անվտանգության խորհրդի բանաձևի ամերիկյան նախագծին աջակցելը։ Այս մասին նա ասել է Սպիտակ տանը լրագրողների հետ ճեպազրույցում, որի սղագրությունը տարածել է Պետքարտուղարությունը:
«Կարծում եմ՝ Չինաստանի և Ռուսաստանի շահերից է բխում, որ այս բանաձևն անցնի, և Իրանի վրա ճնշում գործադրվի, որովհետև նրանց շահերին չի համապատասխանում տեսնել, թե ինչպես են միջազգային ջրային ուղիները, այդ թվում՝ Հորմուզի նեղուցը, փակվում և տնտեսական քաոս առաջացնում ամբողջ աշխարհի տասնյակ երկրներում», – ասել է Ռուբիոն։
Պատասխանելով այն մտահոգությունների վերաբերյալ հարցին` արդյոք Ռուսաստանը վետո կդնի բանաձևի վրա, Ռուբիոն նշել է՝. «Ոչ ոք չի ցանկանում կրկին վետո տեսնել, և մենք մի քանի աննշան փոփոխություն ենք կատարել ձևակերպումներում։ Ես հիմա չեմ պատրաստվում ենթադրություններ անել վետոյի մասին, բայց (բանաձևում) ձևակերպումներն այնքան էլ բարդ չեն»։
«Կարծում եմ՝ սա իսկական թեստ է ՄԱԿ-ի համար՝ որպես կառույցի, որը պետք է գործի գլոբալ խնդիրները լուծելու համար», – հայտարարել է Պետքարտուղարության ղեկավարը։
Ռուբիոն ընդգծել է, որ «մենք այս հարցը բարձրացնում ենք ՄԱԿ-ում և նրան ևս մեկ հնարավորություն ենք տալիս»։
«Մենք նույնիսկ չենք խնդրում զորքեր ուղարկել տարածաշրջան և օգնել պայթեցնել իրանական նավերը։ Մենք ընդամենը խնդրում ենք դատապարտել գործողությունները, կոչ անել Իրանին դադարեցնել նավերը պայթեցնելը, հեռացնել այդ ականները և թույլ տալ հումանիտար օգնության անցումը, քանի որ հումանիտար օգնությունը արգելափակված է։ Ահա և վերջ։ Սա շատ համեստ խնդրանք է», – եզրափակել է Ռուբիոն։
Ավելի վաղ ԱՄՆ-ն ՄԱԿ Անվտանգության խորհրդին ներկայացրել է բանաձևի նախագիծ, որով Իրանից պահանջվում է դադարեցնել գրոհները Հորմուզի նեղուցում։



