Երևանը կհյուրընկալի Դրոնների միջազգային ֆեդերացիայի պատմության մեջ առաջին տարածաշրջանային մրցարշավը
Դրոնների մրցարշավները շարունակում են արագ զարգանալ ամբողջ աշխարհում՝ դառնալով ոչ միայն տեխնոլոգիական նորարարությունների, այլև միջազգային մրցակցության կարևոր հարթակ։ Այս տարի կարևոր իրադարձություն է սպասվում նաև տարածաշրջանում․ առաջին անգամ անցկացվելու են Դրոնների միջազգային ֆեդերացիայի տարածաշրջանային մրցարշավները, որոնք նոր էջ են բացում ոլորտի զարգացման պատմության մեջ։
Մի քանի շաբաթ առաջ Դրոնների միջազգային ֆեդերացիան նշանակել է Արևմտյան Ասիայի տարածաշրջանային նոր ղեկավար` Արմդրոն համայնքի հիմնադիր Հայկ Կարապետյանին, ինչը կարևոր քայլ է տարածաշրջանում դրոնային սպորտի զարգացման և համակարգման համար։ Նոր ղեկավարի ընտրվելուց հետո առաջին կարևոր որոշումներից մեկը եղել է այս տարվա տարածաշրջանային մրցարշավի անցկացման վայրի ընտրությունը, և որպես լավագույն տարբերակ ընտրվել է Երևանը։

Այս որոշումը պատահական չէ։ Երևանը վերջին տարիներին դարձել է տեխնոլոգիական ակտիվ կենտրոն, որտեղ արագ զարգանում են ինժեներական, տեխնոլոգիական և նորարարական ուղղությունները։ Բացի այդ, Հայաստանը մեծ ուշադրություն է դարձնում ավիացիոն և դրոնային տեխնոլոգիաների զարգացմանը, ինչը կարևոր հիմք է նման միջազգային մրցաշարերի կազմակերպման համար։
Սա լինելու է ոչ միայն տարածաշրջանի, այլև ամբողջ աշխարհի համար պատմական իրադարձություն, քանի որ առաջին անգամ անցկացվելու է նման ձևաչափով տարածաշրջանային մրցարշավ։ «Մրցաշարը կարևոր նշանակություն ունի, քանի որ դրա հաջող անցկացումը կարող է հիմք դառնալ հետագա տարիներին այն շարունակաբար Հայաստանում կազմակերպելու համար»,-168.am-ի հետ զրույցում նշում է Հայկ Կարապետյանը։
Կազմակերպիչների առջև այժմ կանգնած է կարևոր խնդիր՝ մրցարշավն անցկացնել բարձր մակարդակով, ապահովել պրոֆեսիոնալ կազմակերպում, անվտանգություն և տեխնիկական բարձր որակ, որպեսզի ապացուցեն, որ Հայաստանը կարող է դառնալ այս ուղղության տարածաշրջանային կենտրոններից մեկը։
Մրցարշավին մասնակցելու հնարավորություն կունենան Արևմտյան Ասիայի լավագույն օպերատորները, սակայն մրցաշարի ձևաչափը բաց է լինելու նաև այլ երկրների մասնակիցների համար։ Չնայած այն տարածաշրջանային է, դրան կարող են մասնակցել աշխարհի տարբեր երկրների ներկայացուցիչներ, ինչը մրցակցությունն ավելի հետաքրքիր և ուժեղ կդարձնի։
Արդեն հայտնի է, որ հիմնական մասնակիցները լինելու են Ռուսաստանից, Վրաստանից և Բելառուսից։ Մրցաշարի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերվել նաև Լեհաստանից, և չի բացառվում, որ մասնակիցների աշխարհագրությունն ավելի լայն լինի։
«Այս մրցարշավը կարևոր է նաև Հայաստանի համար մեկ այլ տեսանկյունից։ Հայ մասնակիցները հնարավորություն կունենան անմիջականորեն շփվել միջազգային բարձրակարգ օպերատորների հետ, ծանոթանալ նրանց փորձին, նոր տեխնոլոգիաներին և աշխատանքի մեթոդներին։ Փորձի փոխանակումը կարող է զգալիորեն նպաստել հայկական դրոնային համայնքի զարգացմանը և նոր սերնդի մասնագետների ձևավորմանը»։
Կազմակերպիչների հաջորդ մեծ նպատակը տարածաշրջանային մրցարշավի եզրափակիչ փուլը նույնպես Հայաստանում անցկացնելն է։ Եթե առաջին փուլը հաջողվի և ստանա միջազգային բարձր գնահատական, Հայաստանը կարող է դառնալ տարածաշրջանային դրոնային սպորտի կարևոր կենտրոն և պարբերաբար հյուրընկալել նման մասշտաբային միջոցառումներ։
Դրոնային մրցարշավները այսօր միայն սպորտ չեն։ Դրանք միավորում են տեխնոլոգիան, արագությունը, ճշգրտությունը և ինժեներական մտածողությունը։ Այդ պատճառով նման մրցաշարերի անցկացումը կարևոր ազդեցություն ունի ոչ միայն սպորտի, այլև կրթության, տեխնոլոգիաների և տնտեսության զարգացման վրա։
Երևանում կայանալիք այս մրցարշավը կարող է դառնալ նոր մեկնարկ Հայաստանի համար՝ միջազգային տեխնոլոգիական քարտեզի վրա ավելի ամուր դիրքավորվելու ճանապարհին։ Իսկ եթե կազմակերպիչներին հաջողվի իրականացնել իրենց ծրագրերը, Հայաստանը կարող է ոչ միայն հյուրընկալել տարածաշրջանային մրցարշավները, այլև ապագայում դառնալ միջազգային խոշոր մրցումների հիմնական հարթակներից մեկը։



