Ռոբերտ Ֆիցոն մայիսի 1-ին որպես բեռնակիր գիշերային հերթափոխ է անցկացրել՝ հաց հասցնելով խանութներ և հիվանդանոցներ
Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն մայիսի 1-ի գիշերը հանրապետության արևմտյան հատվածում որպես բեռնակիր գիշերային հերթափոխ է անցկացրել՝ հաց հասցնելով խանութներ և հիվանդանոցներ: Կառավարության ղեկավարի աշխատանքը փաստող տեսանյութը հրապարակվել է նրա Facebook-յան էջում:
«Ողջունում եմ ձեզ գիշերային հերթափոխի աշխատանքի ժամանակ։ Հիմա մենք գտնվում ենք Նովա-Դուբնիցա քաղաքում, որտեղ հենց նոր հասցրեցինք թարմ հացի և թխվածքի խմբաքանակը», – ասել է Ֆիցոն։
Նա ապահովել է այն բեռնատարի բարձումն ու բեռնաթափումը, որը լուսաբացին հացի գործարաններից մեկի արտադրանքը հասցնում էր մեծածախ պատվիրատուներին։
Վարչապետն ավելի վաղ տեղեկացրել էր, որ մեծացել է բանվորի ընտանիքում և Մայիսի 1-ին գիշերային հերթափոխով աշխատելով՝ իր հարգանքն է դրսևորում աշխատավոր մարդկանց նկատմամբ։
Ֆիցոն արդեն առաջին տարին չէ, որ մայիսի 1-ի գիշերն անվճար աշխատում է գիշերային հերթափոխով։



