Ուկրաինան երկու շաբաթվա ընթացքում չորրորդ անգամ հարձակվել է Տուապսեի նավթային տերմինալի վրա
Ուկրաինայի զինված ուժերը մայիսի 1-ի գիշերը կրկին անօդաչու թռչող սարքերով հարվածել են Տուապսեի ծովային տերմինալին։ Սկսվել է հրդեհ, որի մարմանը մասնակցում են 128 մարդ և 41 միավոր տեխնիկա, հայտնել են Կրասնոդարի երկրամասի օպերատիվ շտաբից։ Տուժածներ չկան։
RTVI-ի տվյալներով՝ հարձակման հետևանքով հրդեհվել է առնվազն երկու պահեստարան Տուապսեի նավթավերամշակման գործարանի (ՆՎԳ) տարածքում։ Դեպքի վայրից արված լուսանկարներում երևում է խիտ սև ծուխ։ Պարբերականը նշել է, որ տերմինալը հոսանքազրկվել է, քաղաքում նույնպես նկատվում է էլեկտրաէներգիայի լայնածավալ անջատում։ Կենտրոնում լիակատար բլեքաութ է, բացի այդ, ինտերնետը չի աշխատում, գրել են z-ալիքները։
Սա արդեն չորրորդ հարձակումն է Տուապսեի տերմինալի վրա վերջին երկու շաբաթվա ընթացքում։ Նախորդ հարձակումից հետո բռնկված հրդեհը, որը տեղի էր ունեցել ապրիլի 28-ին, հանգցրել էին նախորդ օրը՝ հինգշաբթի։ Միևնույն ժամանակ, ՆՎԳ-ից այրվող նավթամթերքները թափվել էին փողոցներ։
Օբյեկտը հարվածների էր ենթարկվել նաև ապրիլի 16-ին և 20-ին։ Երկու դեպքում էլ հրդեհների մարման աշխատանքները տևել էին մոտ չորս օր։ Քաղաքում տեղացել էին «նավթային անձրևներ», իսկ օդում բենզոլի, քսիլոլի և մրի խտությունները մի քանի անգամ գերազանցել էին նորմը։ Սմոգը հասել էր մինչև Սոչի, Անապա, Արմավիր և Ստավրոպոլ։ Բացի այդ, պահեստարանների վնասումը հանգեցրել էր նավթամթերքների արտահոսքի, որոնք հայտնվել էին գետում և Սև ծովում։ Մեկ շաբաթվա ընթացքում բիծը ձգվել էր ափամերձ գծով 77 կիլոմետր։
Հարձակումների պատճառով գործարանը, որը պատկանում է «Ռոսնեֆտ»-ին և մտնում է Ռուսաստանի խոշորագույն տասը գործարանների շարքը, չի աշխատում ապրիլի 16-ից։ Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր շտաբի տվյալներով՝ միայն ՆՎԳ-ի վրա առաջին երկու հարձակումների ընթացքում ոչնչացվել է 24 ռեզերվուար, ևս չորսը վնասվել է։ Բացի այդ, ՌԴ երկաթուղիները մինչև մայիսի 3-ը սահմանափակել են բեռնափոխադրումները տերմինալի ուղղությամբ։
Նախագահ Վլադիմիր Պուտինը Տուապսեի իրավիճակին, որը բնապահպանները բնութագրում են որպես «խոշորագույն էկոլոգիական աղետ», ուշադրություն է դարձրել միայն ապրիլի 28-ին։ Այդ ժամանակ էլ նա ԱԻՆ ղեկավար Ալեքսանդր Կուրենկովին հանձնարարել էր մեկնել քաղաք։ Միաժամանակ Պուտինը հայտարարել էր տեղի ունեցածի հետ կապված «լուրջ սպառնալիքների» բացակայության մասին։



