ԻՀՊԿ-ն հայտարարել է Պարսից ծոցում ԱՄՆ-ի ռազմական օբյեկտների և իսրայելական նավի վրա գրոհների մասին
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է Պարսից ծոցի տարածաշրջանում իսրայելական նավի և ամերիկյան ռազմական օբյեկտների վրա գրոհների մասին: Այս մասին հաղորդում է Al Jazeera-ն։
Նշվում է, որ ըստ մարտի 31-ին ԻՀՊԿ-ի տարածած հայտարարության՝ Իրանի ռազմածովային ուժերը «բալիստիկ հրթիռով խոցել են իսրայելական բեռնանավը Պարսից ծոցում»։
Բացի այդ նշվում է, որ իրանական անօդաչու թռչող սարքերը հարված են հասցրել ամերիկյան ծովային հետևակի մի խմբի՝ ԱՄԷ-ի ափին, ռազմական բազայի մերձակայքում։
ԻՀՊԿ-ն նաև հայտնել է, որ իրանական անօդաչու թռչող սարքերը «ոչնչացրել են Բահրեյնի Մանամայի օդանավակայանից ոչ հեռու տեղակայված ԱՄՆ-ի հինգերորդ նավատորմի՝ ԱԹՍ-ներին հակազդման համակարգը»։
Ըստ հայտարարության՝ ԱԹՍ-ները նաև ոչնչացրել են Քուվեյթում գտնվող ամերիկյան ռազմաբազայում հակաօդային պաշտպանության երկու ռադար։
Իր հերթին, Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) հայտարարել է, որ ավարտել է Իրանի ենթակառուցվածքներին հասցվող հարվածները։ Ըստ ԻՊԲ հայտարարության՝ հարվածներ են հասցվել «իրանական ռեժիմի ենթակառուցվածքների օբյեկտներին։
Ըստ The Times of Israel-ի՝ Թեհրանում հայտնել են հարվածների հետևանքով էլեկտրամատակարարման խափանումների մասին։




