Ցուցաբերվող մարդասիրական օգնությունները ևս մեկ անգամ փաստում են հայ և իրանցի ժողովուրդների ջերմ բարեկամությունը. դեսպան Շիրղոլամի

Իրանին աջակցելն ու Իրանի կողքին լինելու հանգամանքը շատ կարևոր է իրանցիների համար, և Հայաստանի կողմից ցուցաբերվող մարդասիրական օգնությունները ևս մեկ անգամ փաստում են հայ և իրանցի ժողովուրդների ջերմ բարեկամությունը։

«Արմենպրես»-ի հետ բացառիկ զրույցում այդ կարծիքը հայտնեց ՀՀ-ում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին՝ այդ համատեքստում անդրադառնալով նաև Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի գրառմանը։

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայերենով գրառում էր զետեղել X-ի իր միկրոբլոգում՝ նշելով, որ ՀՀ կառավարության և ժողովրդի աջակցությունը Իրանի ժողովրդին` իրանցիների տեղափոխման և մարդասիրական օգնության հարցերում, մեծ գնահատանքի է արժանի։ Արաղչին հավելել էր, որ Իրանի և Հայաստանի դարավոր կապը դժվար պահին կրկին ցույց տվեց իր ամրությունը, և եղբայրական այդ քայլերը կմնան Իրանի ժողովրդի հիշողության մեջ

Դեսպան Շիրղոլամին տեղեկացրեց, որ այդ գրառումից զատ, Աբբա Արաղչին հեռախոսազրույց է ունեցել իր գործընկեր Արարատ Միրզոյանի հետ՝ իր երախտագիտությունը հայտնելով Հայաստանի ժողովրդին ու կառավարությանը՝ համագործակցության ու աջակցության, Իրանի կողքին լինելու համար։

«Թե՛ պետական, թե՛ մասնավոր կառույցների կողմից ստացել ենք մարդասիրական օգնություններ և ուղարկել Իրան։ Թեև այս պահին Իրանում իրավիճակը կրիտիկական չէ, սակայն մարդասիրական օգնությունները մեզ համար իսկապես գնահատելի են։ Տառացիորեն երեկ մի խումբ մարդիկ եկել էին դեսպանատուն՝ իրենց հետ բերելով դեղորայքով լի արկղեր։ Դա գեղեցիկ կերպով ևս մեկ անգամ փաստում է հայ և իրանցի ժողովուրդների ջերմ բարեկամությունը»,- ասաց Շիրղոլամին։

Դիվանագետը վստահեցրեց, որ Իրանում խուճապային տրամադրություններ չկան, ինչը վկայում է ժողովրդի հզոր կամքի մասին։ Իրանում հանրային կյանքը շարունակվում է, խանութները գործում են անխափան, մթերային և այլ ապրանքների պակաս չկա։

«Այդուհանդերձ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ պատերազմը շարունակվում է, ուստի կա նաև օգնությունների կարիք՝ հիմնականում դեղորայքի, բժշկական, օրթոպեդիկ սարքերի, որովհետև բազմաթիվ մարդիկ հայտնվելով փլատակների տակ՝ ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Պատերազմական շրջանում առաջնային օգնությունը յուրաքանչյուրին էլ պետք է»,- նշեց Շիրղոլամին։

Նրա խոսքով՝ քանի դեռ ընթանում են պատերազմական գործողություններ, դժվար է ամբողջությամբ գնահատել Իրանին հասցված վնասները։ Դեսպանի պնդմամբ՝ եթե մի երկիր մյուսի նկատմամբ իրականացնում է ագրեսիա, ապա անպայման պետք է դատապարտվի միջազգային օրենքի համաձայն և փոխհատուցի պատճառած վնասները։

«Մեր կառավարությունը մշակել է մի մեխանիզմ՝ ստեղծելով հատուկ կայք, որի միջոցով հաշվառվում են պատերազմական գործողություններից տուժած և սեփականություն կորցրած մարդիկ։ Ամեն ինչ հայտարարագրվում է։ Հսկայական չափով վնասվել են նաև հանրային հաստատությունները՝ կրթական ու մարզական համալրները, այլ կառույցները, որոնց վերականգնմամբ պետք է զբաղվի պետությունը։ Բայց ամենից շատ մեզ ցավ են պատճառում մարդկային կորուստները։ Պատերազմի մեկնարկից մինչ օրս արդեն զոհվել է ավելի քան 3000 մարդ, այդ թվում՝ կանայք ու երեխաներ։ Ճանաչելով մեր ժողովրդին՝ վստահեցնում եմ, որ մարդիկ իրենց ուժեղ կամքի շնորհիվ հայրենի կառավարության հետ կվերականգնեն երկիրը»,- նշեց մեր զրուցակիցը։

Դիվանագետը ցավով հայտնեց, որ կորուստներ ունեցավ նաև Իրանի հայկական համայնքը։ Շատերի տներն ու բնակարանները փլուզվեցին ամերիկա-իսրայելական հարվածներից։

«Կառավարությունը ձեռնարկել է համապատասխան քայլեր՝ նրանց կացարան տրամադրելու նպատակով։ Այս օրերին մշտապես կապի մեջ եմ եղել Իրանում Հայ Առաքելական եկեղեցու իրանահայոց թեմի ներկայացուցիչների և Իրանի խորհրդարանի հայ պատգամավորների հետ, քանզի շատ մտահոգված եմ նաև Իրանի հայկական համայնքի ներկա վիճակով։ Ցավոք, մեր հայ հայրենակիցների շրջանում նույնպես ունեցանք ցավալի կորուստ։ Սպահանում զոհվեց Հովհաննես Սիմոնյանը։ Այդ կապակցությամբ հայտնել ենք մեր ցավակցությունները։ Երեկ մեծ պատվով տեղի ունեցավ նրա հոգեհանգստյան արարողությունը, որին մասնակցեցին մահմեդական և քրիստոնեական համայնքների ներկայացուցիչները։ Որպես դեսպան՝ նույնպես իմ ցավակցական ուղերձը փոխանցեցի հայ համայնքին և անձամբ Հովհաննես Սիմոնյանի հարազատներին»,- ասաց Շիրղոլամին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031