Փեզեշքիանն Իրաքին շնորհակալություն է հայտնել պատերազմի ընթացքում Իրանին աջակցելու համար
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը շնորհակալություն է հայտնել Իրաքի ժողովրդին և կառավարությանն Իսլամական Հանրապետությանը ցուցաբերած աջակցության համար ԱՄՆ-ի և Իսրայելի դեմ հակամարտության ընթացքում։ Այս մասին նա գրառում է կատարել X հարթակում:
«Իրաքի մուսուլման ժողովուրդը քաջաբար աջակցել է Իրանին այս անարդար պատերազմում։ Այս դիրքորոշումը պայմանավորված է ոչ թե աշխարհագրական պարտադրանքով, այլ պատմությամբ, ինքնությամբ և ընդհանուր կրոնական արժեքներով», – գրել է նա։
Փետրվարի 28-ին ԱՄՆ-ն և Իսրայելն Իրանի դեմ համատեղ ռազմական գործողություն են սկսել՝ մեղադրելով Թեհրանին հրթիռային և միջուկային ծրագիրը զարգացնելու համար։ Իրանը, հերքելով մեղադրանքները, սկսել է պատասխան հարվածներ հասցնել Իսրայելին, ինչպես նաև տարածաշրջանի երկրներում ամերիկյան ռազմաբազաներին և էներգետիկ օբյեկտներին։ Հարվածների են ենթարկվել ենթակառուցվածքներ Բահրեյնում, Հորդանանում, Իրաքում, Կատարում, Քուվեյթում, ԱՄԷ-ում և Սաուդյան Արաբիայում:




