Բաժիններ՝

1 տարեկան երեխայի նկատմամբ պարբերաբար բռնություն է կիրառել նրա հոր երկրորդ կինը. վերջինիս կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

«Կլինիկական մահ» ախտորոշմամբ «Արաբկիր» բժշկական կենտրոն ընդունված 1.2 տարեկան երեխան պարբերաբար բռնության է ենթարկվել իր հոր երկրորդ կնոջ կողմից, իսկ մարտի 15-ին կինը երեխայի նկատմամբ սպանության փորձ է իրականացրել։

Այս մասին հայտնեցին ՀՀ դատախազությունից՝ մանրամասնելով, որ կնոջ նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով:

«Արաբկիր վարչական շրջանում 1 տարեկան երեխայի նկատմամբ 2026 թվականի հունվարի 22-ից մինչև մարտի 10-ը ներառյալ պարբերաբար գործադրված ֆիզիկական ներգործության արդյունքում պատճառված ֆիզիկական ուժեղ ցավի, ինչպես նաև մարտի 15-ին ուղղակի դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկելու դեպքերով դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել երեխայի հոր երկրորդ կնոջ նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (անչափահասի նկատմամբ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը) և 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (սպանության փորձ): Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու»,-հայտնել են դատախազությունից:

Մարտի 16-ին հայտնի էր դարձել, որ «կլինիկական մահ» ախտորոշմամբ «Արաբկիր» բժշկական կենտրոն է տեղափոխվել 1.2 տարեկան տղա երեխա։ Բժիշկներին հաջողվել էր վերականգնել երեխայի սրտի աշխատանքը, սակայն նրա վիճակը շարունակում է ծանր մնալ, բժիշկները շարունակում են պայքարել նրա կյանքի համար։ Լրատվամիջոցներում տեղեկություններ էին տարածվել, որ երեխային ծեծել էր նրա հոր ընկերուհին։

Քննչական կոմիտեից էլ հայտնել էին, որ երեխայի նկատմամբ բռնություն կիրառելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում սպանության փորձի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, նախաքննության ընթացքում 1 անձ ձերբակալվել է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս