Մոջթաբա Խամենեին մահից խուսափել է՝ ավիահարվածից առաջ դուրս գալով շենքից. The Daily Telegraph
Իրանի նոր գերագույն առաջնորդ այաթոլլա Մոջթաբա Խամենեին փետրվարի 28-ին ԱՄՆ-ի և Իսրայելի իրականացրած գրոհի ժամանակ մահից խուսափել է այն բանի շնորհիվ, որ ավիահարվածից կարճ ժամանակ առաջ դուրս է եկել հարձակման ենթարկված շենքից: Այս մասին հաղորդում է The Daily Telegraph թերթը:
Հենց այս հարձակման հետևանքով սպանվել էր Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին՝ Մոջթաբա Խամենեիի հայրը։ Պարբերականը վկայակոչում է այաթոլլա Ալի Խամենեիի արարողակարգի ղեկավար Մազահեր Հոսեյնիի հաղորդագրության ձայնագրությունն՝ ուղղված Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ղեկավարությանը: The Daily Telegraph-ը պնդում է, որ ձայնագրության իսկությունը հաջողվել է հաստատել անկախ ստուգման միջոցով:
«Դա Աստծո կամքն էր. Մոջթաբան պետք է դուրս գար բակ ինչ-որ գործով, ապա վերադառնար: Նա եղել է դրսում և արդեն հետ վերադառնալիս է եղել, երբ հրթիռը հարվածել է շենքին: Նրա կինը՝ տիկին Հադադը, անմիջապես զոհվել է», – մեջբերում է թերթը Հոսեյնիի հաղորդագրությունը:
Նա հայտնել է, որ հարվածի ժամանակ Իրանի նոր գերագույն առաջնորդը ստացել է միայն «ոտքի թեթև վնասվածք», իսկ նրա որդին նույնպես սպանվել է:



