Նեթանյահուն վստահ չէ, որ Իսրայելի և ԱՄՆ-ի գործողություններից հետո իրանցիներն իշխանափոխություն կանեն
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն վստահ չէ, որ իրանցիները կտապալեն երկրի իշխանություններին, եթե Իսրայելը և ԱՄՆ-ն դրա համար պայմաններ ստեղծեն։ Ինչպես տեղեկանում ենք The Times of Israel-ից, այս մասին նա ասել է Իրանի դեմ ռազմական գործողություններ սկսելուց հետո իր առաջին մամուլի ասուլիսում։
«Կարող ես մարդկանց բերել ջրի մոտ, բայց չես կարող նրանց ստիպել խմել», – ասել է նա։
Նեթանյահուն հավելել է, որ Իսրայելի և ԱՄՆ-ի հարվածների շնորհիվ պայմաններ են ստեղծվում, որ Իրանում իշխանափոխություն լինի։
«Մենք օպտիմալ պայմաններ կստեղծենք դրա (խմբ.՝ իշխանափոխության) համար, այդ թվում՝ ավիահարվածներ հասցնելով, ինչպես արեցինք երեկ, ինչպես անում ենք այս օրերին, որպեսզի իրանցիներին հնարավորություն տանք դուրս գալ փողոցներ…. Ես չեմ կարող վստահ ասել, որ իրանցիները կտապալեն ռեժիմը…. Մենք բոլորս հույս ունենք, որ այս ամենի արդյունքում ռեժիմը կտապալվի, բայց ռեժիմն, ի վերջո, պետք է տապալվի ներսից», – ասել է նա մարտի 12-ի երեկոյան կայացած ասուլիսում։
Նեթանյահուն պնդել է, որ Իրանը միջուկային զենք էր ստեղծում, և իրենք ԱՄՆ-ի հետ պետք է արագ գործեին՝ հարվածելով երկրին։ Նրա խոսքով՝ թիրախավորվել է Իրանի միջուկային ենթակառուցվածքը, և սպանվել միջուկային ոլորտի «շատ կարևոր» գիտնական։ Նա հավաստիացրել է, որ ռազմական գործողություններն ընթանում են սպասվածից ավելի լավ։
Վարչապետին հարց են ուղղել՝ արդյոք իրենք կթիրախավորեն Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիին նրա հոր՝ Ալի Խամենեիի սպանությունից հետո։
«Ես կյանքի ապահովագրության պայմանագիր չէի կնքի ահաբեկչական կազմակերպության ղեկավարներից որևէ մեկի հետ», – պատասխանել է Նեթանյահուն։
Նա նաև հայտնել է, որ Իսրայելը տարածաշրջանի երկրների հետ միավորվում է Իրանի դեմ և կազմում դաշինքներ, որոնք մի քանի շաբաթ առաջ «աներևակայելի կթվային»։
Նեթանյահուն նաև Լիբանանի իշխանություններին կոչ է արել զինաթափել «Հեզբոլլահ» շարժմանը, որը հաջակցություն Իրանի հարվածներ է հասցնում Իսրայելին։ Նրա խոսքով՝ եթե Լիբանանը դա չանի, ապա Իսրայելը կանի։
Իսրայելի վարչապետը նաև դիմել է երկրի նախագահ Իցհակ Հերցոգին՝ կոչ անելով նրան չեղարկել իր դեմ դատավարությունը կոռուպցիայի գործով։



