Բաժիններ՝

Հնդկաստանի ԱԳ նախարարը հայտնել է Մերձավոր Արևելքում 2 հնդիկ նավաստու զոհվելու մասին և երկխոսության կոչ է արել

Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը մարտի 9-ին խորհրդարանում ելույթում հաստատել է, որ Մերձավոր Արևելքում հակամարտության ընթացքում զոհվել է 2 հնդիկ նավաստի, որոնք աշխատում էին հակամարտության գոտու մոտակայքում գործող առևտրային նավերի վրա։ Այս մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը։

Նախարարի խոսքով՝ մեկ նավաստի դեռևս անհետ կորած է։ Նա ներգրավված նավերի մասին լրացուցիչ մանրամասներ չի հայտնել։

«Այս շարունակվող հակամարտությունը հատկապես մտահոգիչ է Հնդկաստանի համար», – ասել է Ջայշանկարը՝ պարզաբանելով, որ գրեթե 10 միլիոն հնդիկ ապրում և աշխատում է Պարսից ծոցի երկրներում։

Նա նաև նշել է, որ այս տարածաշրջանն առանցքային դեր ունի Հնդկաստանի էներգետիկ անվտանգության և առևտրի գործում՝ տարեկան գրեթե 200 միլիարդ դոլար առևտրի շրջանառությամբ։

Ջայշանկարը կրկին նշել է, որ Հնդկաստանը կողմ է տարածաշրջանում խաղաղությանը, և կոչ է արել վերադառնալ երկխոսությանը և դիվանագիտությանը։

«Մենք կողմնակից ենք լարվածության թուլացմանը, զսպվածությանը և քաղաքացիական բնակչության անվտանգության ապահովմանը», – ասել է նա։

ԱՄՆ-ն և Իսրայելն Իրանի դեմ համատեղ ռազմական գործողություն են սկսել փետրվարի 28-ից՝ մեղադրելով Թեհրանին հրթիռային և միջուկային ծրագիրը զարգացնելու համար։ Իրանը հերքել է մեղադրանքները և պատասխան հարվածներ է հասցնում Իսրայելին, ինչպես նաև տարածաշրջանի երկրներում էներգետիկ օբյեկտներին և ամերիկյան ռազմաբազաներին։ Իրանում զոհերի թիվը գերազանցել է 1300-ը, Իսրայելը հայտնել է 10-ից ավելի զոհի մասին, ԱՄՆ-ն էլ նշել է ռազմական գործողության ընթացքում 7 զինծառայողի զոհվելու մասին։ Շուրջ 2 տասնյակ զոհ կա Մերձավոր Արևելքի տարբեր երկրներում։ Լիբանանում, որտեղից «Հեզբոլլահ»-ը հարվածներ է հասցրել Իսրայելին, իսրայելական պատասխան հարվածներից զոհերի թիվը գերազանցել է 390-ը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս