ԱՄՆ ու Իսրայելն, իհարկե, ունեն ուժեղ հարվածային ուժ, բայց նրանք կարող էին հաշվարկած չլինել Իրանի պատասխանի ուժը. Հակոբ Բադալյան
Հակոբ Բադալյանը գրում է. «Իսրայելական Yedioth Ahronoth պարբերականը, որը գործում է 2000 թվականից եւ հրապարակվում է այսպես կոչված տաբլոիդային սկզբունքով, տեղեկություն է տարածել, թե ԱՄՆ նախօրեին՝ Իրանին հասցված հարվածներից հետո Իտալիայի միջոցով կապվել եւ Իրանին առաջարկել է դադարեցնել կրակը, ինչին իրանցիները «կտրականապես մերժել» են: Այդպես է հրապարակել Yedioth Ahronoth-ը:
Այդ հրապարակման առնչությամբ պաշտոնական արձագանքներ չեն եղել, այդ թվում Իտալիայից: Դժվար է ասել, իրապես եղե՞լ է այդպիսի առաջարկ Թեհրանին, թե՞ ոչ: Հրապարակողը ի վերջո տաբլոիդ է, իսկ այդպիսի ֆորմատները աշխատում են էպատաժի վրա: Այնպես որ այս տեղեկության վավերականությունը ստուգելը շատ բարդ է:
Բայց, այս ֆոնին ուզում եմ հիշեցնել, որ ես երեկ ուշադրության արժանացրի ԱՄՆ նախագահի մի հայտարարություն, որի վերաբերյալ իմ գրառումը այս գրառման վերնամասի հղումով է: Հիշեցնեմ, որ Թրամպը հայտարարել էր, թե ինքն ունի այս արշավից դուրս գալու մի քանի սցենար, այդ թվում արագ ավարտել ամեն ինչ, իրանցիներին զրկելով միջուկային ծրագրից ու հրթիռային պոտենցիալից տարիներով՝ սպառնալով, որ մի քանի տարի անց նույնը կլինի, եթե փորձեն վերականգնել այդ ծրագրերը:
Այսօր, ի դեպ, Թրամպը արել է մեկ այլ ուշագրավ արտահայտություն, ասելով, թե Իրանի դեմ գործողությունը ընթանում է նախատեսված ժամանակացույցից էլ արագ: Հետաքրքիր է: Թրամպը հո՞ղ է նախապատրաստում «արագ ավարտելու» համար: Այդ հայտարարությունների ֆոնին իսրայելական տաբլոիդի հրապարակածը կարծես թե այդքան էլ աներեւակայելի կամ անտրամաբանական չէ:
Հարցն այն է, որ ԱՄՆ ու Իսրայելը իհարկե ունեն ուժեղ հարվածային ուժ, բայց նրանք կարող էին հաշվարկած չլինել Իրանի պատասխանի ուժը: Միեւնույն ժամանակ, պետք չէ բացառել եւ այն, որ Նահանգների իշխանության ներսում շարունակվում է պայքարը Իրանի դեմ ռազմական գործողություննեի կողմնակիցների եւ հակառակորդների միջև»։



