Չինաստանի ԱԳՆ-ն հայտարարել է Մեծ Բրիտանիայի հետ հարաբերություններում նոր էջ բացելու պատրաստակամության մասին
Չինաստանը հույս ունի, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի առաջիկա այցը նոր էջ կբացի երկկողմ հարաբերությունների զարգացման գործում։
Ինչպես հաղորդում է «ՏԱՍՍ»-ը, այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Գո Ցզյակունը։
«Չինական կողմը պատրաստ է այս այցն օգտագործել որպես բրիտանական կողմի հետ փոխադարձ քաղաքական վստահությունն ամրապնդելու, գործնական համագործակցությունը խորացնելու, ինչպես նաև չին-բրիտանական հարաբերությունների առողջ և կայուն զարգացման գործում նոր էջ բացելու հնարավորություն»,-նշել է դիվանագետը։
Նա ընդգծել է, որ Պեկինը և Լոնդոնը՝ որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամներ, պետք է պահպանեն հաղորդակցությունը, ինչը բխում է համաշխարհային շահերից։
Սթարմերի այցը Չինաստան կմեկնարկի հունվարի 28-ին և կտևի մինչև հունվարի 31-ը։ Նա նախատեսում է բանակցություններ վարել Չինաստանի նախագահ Սի Ծինփինի, վարչապետ Լի Ցյանի և Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի մշտական կոմիտեի նախագահ Չժաո Լեջիի հետ։ Սթարմերը կլինի Մեծ Բրիտանիայի առաջին վարչապետը, որը կայցելի Պեկին 2018 թվականից ի վեր։
