Դատական սխալ է տեղի ունեցել Մկրտիչ սրբազանի գործով. հաշվի չառնվեց. Արագածոտնի մարզի առաջին ատյանի դատարանի դատավորն անտեսեց Վերաքննիչի որոշումը
Այսօր Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության քրեական դատարանում՝ դատավոր Դավիթ Դաբաղյանի նախագահությամբ, տեղի է ունենում Հայ առաքելական եկեղեցու Արագածոտնի թեմի առաջնորդ, ներկայումս ապօրինի կալանավորված Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի գործով դատական առաջին նիստը:
Դատական նիստին ներկա էին Մկրտիչ սրբազանն ու մյուս մեղադրյալ Տեր Գարեգին քահանա Արսենյանը, նրանց պաշտպանական թիմը՝ Արա Զոհրաբյան, Պետրոս Պտրոսյան, Երեմ Սարգսյան, Ռոման Ահարոնյան, Արմեն Մելքոնյան կազմով, հանրային մեղադրող Տիգրան Մուրադյանը, Արագածոտնի թեմի քահանաներն ու թեմի այլ աշխատակիցներ, տասնյակ քաղաքացիներ, աջակիցներ:
Դատական նիստին ներկայացել էին նաև կարգալույծ նախկին քահանաներ Ստեփան Ասատրյանն ու Արամայիս Թախմազյանը:
Դատավարության կողմերը չառարկեցին, որ նիստը ուղիղ հեռարձակվի, և դատավարության մասնակիցների ինքնությունները նույնականացնելուց հետո լուծվեց նախագահող դատավորին բացարկ հայտնելու հարցը: Կողմերը բացարկի հիմքեր չունեին ու չհայտնեցին:
Ապա քննվեց ընդդատության հարցը, որից հետո անդրադարձան վարույթը կարճելու հարցին ու մեղադրյալների խափանման միջոցների փոփոխության քննությանը:
Ուշագրավ էր, որ Ստեփան Ասատրյանն ու Արամայիս Թախմազյանը չէին հասկանում ինչ է ընդդատությունը, այսինքն՝ որտեղ է կատարվել ենթադրյալ հանցանքը, որի հաղորդումը ի դեպ, տվել էր հենց ինքը՝ Ստեփան Ասատրյանը:
Հանրային մեղադրողը միջնորդեց երկարաձգել Մկրտիչ սրբազանի կալանքի ժամկետը: Ստեփան Ասատրյանն ու Արամայիս Թախմազյանը սակայն չպնդեցին կալանքի շարունակումը, ասացին՝ ինչպես օրենքը կորոշի:
Պաշտպանները պնդեցին՝ Մկրտիչ սրբազանի կալանքն ապօրինի է, դատակոչված չէ ոչ մի վկա, որոնց վրա ապօրինի ազդեցություն կարող է գործվել:
«Եթե չպետք է լինեն վկաներ, ինչո՞ւ են սխալ տեղեկություն հայտնում: Այս գործում վկա չկա: Տուժողները Մկրտիչ սրբազանի հետ չունեն ենթակայության կարգավիճակ, քանի որ չունեն հոգևոր կարգավիճակ: Անգամ Սահմանադրությունն է ասում՝ պետությունը չի կարող խառնվել Եկեղեցու գործերին»,-ասաց Արա Զոհրաբյանը:
«Ուր ասես գնում, հարցազրույցներ եք տալիս, կարգալույծ լինելով անգամմ՝ վարկաբեկում եք եկեղեցուն ու հոգևորականներին: Դուք մտածում եք, որ ձեզ վրա Մկրտիչ սրբազանը կարող է ազդե՞լ, որ փոխեք ձեր ցուցմունքնե՞րը»,-ասաց Ռոման Ահարոնյանը կարգալույծ նախկին քահանաներին:
Նա պնդեց՝ այս գործում ոչ մի վկա չկա, ում վրա կարող է ազդել Մկրտիչ սրբազանը, հետևաբար Մկրտիչ սրբազանն անհապաղ պետք է կալանքից ազատվի:
Դատավորի դիտարկմանը՝ Ստեփան Ասատրյանի ու Արամայիս Թախմազյանի վրա կարող է ազդել Մկրտիչ սրբազանը, պաշտպան Արա Զոհրաբյանն առարկեց՝ Հովհաննավանքը զավթել են. իրենք կարգալույծ են. որևէ կապ չունեն Եկեղեցու հետ:
Ի վերջո, Մկրտիչ սրբազանի կալանքը երկարաձգվեց 1 ամսում, թեպետ Վերաքննիչ քչեական դատարանն այլ բան էր ասել. Դատավոր Վազգեն Ռշտունին դատական սխալ էր արձանագրել և հնարավոր էր համարել այլընտրանքային խափանման միջոցի կիրառումը: 1 ամսով երկարաձգվեց նաև Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գարեգինի կալանքի ժամկետը:
Հիշեցնենք, որ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանին առաջադրված մեղադրանքի հիմքում Հովհաննավանքի նախկին հոգևոր հովիվ Տեր Արամ քահանայի, այժմ կարգալույծ Ստեփան Ասատրյանի՝ Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցումարած հայտարարություններն են այն մասին, որ «2021 թվականին իրեն պարտադրել են մասնակցել քաղաքական ուժերից մեկի նախընտրական հանրահավաքին»:
Մեղադրանքի համար հիմք է ծառայել նաև Դանիել Իոաննիսյանի «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ներկայացրած հաղորդումը: Մեղադրանքն առնչվում է օրինական հավաքներին խոչընդոտելուն կամ հարկադրելուն և ընտրական իրավունքը խոչընդոտելուն:
Մանրամասները՝ տեսանյութում:
