Բաժիններ՝

Սթարմերն ու Թրամփը կրկին հեռախոսազրույց են ունեցել

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հունվարի 24-ին զրուցել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, հայտնում է բրիտանական կառավարության մամուլի ծառայությունը։

«Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել քաջ և հերոսական բրիտանացի ու ամերիկացի զինվորներին, որոնք կռվել են կողք կողքի Աֆղանստանում, որոնցից շատերը չեն վերադարձել տուն։ Մենք երբեք չպետք է մոռանանք նրանց անձնազոհությունը, ասել է նա», նշվում է հաղորդագրությունում։

«Քանի որ Ուկրաինան ապրում է պատերազմի չորրորդ տարին՝ Ռուսաստանի լայնածավալ ներխուժումից հետո, առաջնորդները համաձայնել են, որ անհրաժեշտ է առաջընթաց ապահովել կայուն հրադադարի ուղղությամբ։ Մինչ դիվանագիտական ջանքերը շարունակվում են, վարչապետը հաստատել է, որ միջազգային գործընկերները պետք է շարունակեն աջակցել Ուկրաինային՝ Պուտինի բարբարոսական հարձակումներից պաշտպանվելու գործում։

Առաջնորդները քննարկել են նաև Արկտիկայում անվտանգության ամրապնդման անհրաժեշտությունը, և վարչապետը հայտարարել է, որ դա իր կառավարության բացարձակ առաջնահերթությունն է։ Նրանք անդրադարձել են նաև Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի հարաբերությունների կարևորությանը, որոնք շարունակում են դիմանալ ժամանակի փորձությանը։ Կողմերը պայմանավորվել են մոտ ժամանակում հանդես գալ հայտարարությամբ», հայտնել են Դաունինգ սթրիթից։

Ավելի վաղ բրիտանական լրատվամիջոցները տեղեկացրել էին, որ անցած կիրակի երկու երկրների առաջնորդների միջև տեղի է ունեցել «լարված զրույց», որը վերաբերում էր ԱՄՆ նախագահի սպառնալիքին՝ մաքսատուրքեր ներմուծել ութ եվրոպական երկրների ապրանքների վրա, որոնք զորքեր էին ուղարկել Գրենլանդիա՝ վարժանքներ անցկացնելու նպատակով։

Նշենք, որ Թրամփը պնդում է, որ ԱՄՆ-ն պետք է սեփականության իրավունք ստանա Արկտիկայի այն կղզու վրա, որը Դանիայի ինքնիշխան տարածքն է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս