Իրանում քրեական գործեր են հարուցել մշակույթի և սպորտի գործիչների դեմ՝ հակակառավարական ցույցերին աջակցելու համար

Իրանի դատախազությունը քրեական գործեր է հարուցել 25 մարզիկների, դերասանների և կինոգործիչների դեմ՝ երկրում հակակառավարական ցույցերին և անկարգություններին աջակցելու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Իսլամական Հանրապետության դատական ​​իշխանության մամուլի ծառայությունը։

«2026 թվականի հունվարի 8-ի և 9-ի բողոքի ցույցերի կապակցությամբ…. Թեհրանի դատախազությունը քրեական գործեր է հարուցել 15 մարզիկների և դերասանների, ինչպես նաև 10 կինոգործիչների դեմ», – մեջբերում է հայտարարության տեքստը Mehr գործակալությունը։

Դատախազությունը կարգադրել է բռնագրավել որոշ կասկածյալների ունեցվածքը և նրանցից բռնագանձել միջոցներ խռովարարների պատճառած վնասի փոխհատուցման համար։

Իրանում դեկտեմբերի 28-ից բողոքի ակցիաներ էին սկսվել իրանական ռիալի փոխարժեքի կտրուկ նվազման և բարձր գնաճի դեմ։ Հունվարի 8-ից, ըստ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հայտարարության, ցուցարարների շարքում հայտնվել են զինված ահաբեկիչներ։ Երկու շաբաթից ավելի տևած հակակառավարական ցույցերի ընթացքում մի քանի հազար մարդ է զոհվել, այդ թվում՝ իրավապահներ։

Իրանի իշխանություններն անկարգությունների կազմակերպման պատասխանատվությունը բարդել են Իսրայելի և Միացյալ Նահանգների վրա։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ նախազգուշացրել էր, որ լրջորեն քննարկում է Իսլամական Հանրապետության դեմ ուժի կիրառման հնարավորությունը ցուցարարների զանգվածային սպանությունների դեպքում:

Տեսանյութեր

Լրահոս