Դանիան կուժեղացնի ռազմական ներկայությունը Գրենլանդիայում ԱՄՆ քննադատությունից հետո
Դանիայի իշխանությունները մտադիր են մեծացնել զորակազմը Գրենլանդիայում այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն քննադատել է կղզուն անբավարար պաշտպանունակության համար: Այս մասին հայտնել է Դանիայի պաշտպանության նախարար Տրոելս Լունդ Պոուլսենը։
«Մենք կշարունակենք մեծացնել մեր ռազմական ներկայությունը Գրենլանդիայում», – հայտնել է նախարարը Agence France-Presse-ին։
Պոուլսենը հավելել է, որ Դանիան ավելի շատ ուշադրություն կնվիրի ՆԱՏՕ-ի շրջանակներում զորավարժությունների անցկացմանը և Արկտիկայում դաշինքի ուժերի ներկայության ընդլայնմանը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս հայտարարել է Գրենլանդիան Միացյալ Նահանգներին միացնելու անհրաժեշտության մասին: Դեռ իր առաջին ժամկետի ընթացքում նա առաջարկել է գնել Գրենլանդիան, իսկ 2025 թվականի մարտին վստահություն է հայտնել, որ այն կարելի է անեքսիայի ենթարկել։ Օրերս Թրամփը հայտարարեց, եթե ԱՄՆ-ն ձեռք չբերի Գրենլանդիան, ապա «Ռուսաստանը կամ Չինաստանը դա կանեն»։
Գրենլանդիան Դանիայի կազմի մեջ է մտնում ինքնավար տարածքի իրավունքներով և ունի անկախություն հռչակելու իրավունք։ Գրենլանդիայի վարչապետ Յենս-Ֆրեդերիկ Նիլսենը հունվարի 13-ին հայտարարել է, որ կղզին նախընտրում է լինել Դանիայի կազմում և չի ցանկանում լինել ԱՄՆ-ի մաս։
