Իրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ հաղորդակցության ուղիները բաց են
Իրանը բաց է պահում Միացյալ Նահանգների հետ հաղորդակցության ուղիները, և կողմերն անհրաժեշտության դեպքում շփվում են, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
«Մեր արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի և ԱՄՆ հատուկ բանագնացի (խմբ.՝ Սթիվ Ուիթքոֆ) միջև հաղորդակցության ուղին բաց է, և անհրաժեշտության դեպքում հաղորդագրություններ են փոխանակվում», – հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակը:
Բաղային հավելել է, որ շփումները բաց են նաև ավանդական միջնորդի՝ Շվեյցարիայի միջոցով:
Նա նաև նշել է, որ Իսլամական Հանրապետությունը «երբեք չի լքել բանակցությունների սեղանը»: Սակայն միևնույն ժամանակ, ըստ խոսնակի, ԱՄՆ-ից եկող «հակասական ուղերձները» ցույց են տալիս լրջության պակաս և համոզիչ չեն:
Օտարերկրյա դեսպանների հետ հանդիպման ժամանակ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել էր, որ երկիրը պատրաստ է պատերազմի, բայց բաց է երկխոսության համար:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ Իրանի իշխանությունները կապվել են իրենց հետ և ցանկանում են բանակցել:
«Կարծում եմ՝ նրանք հոգնել են հարվածներ ստանալ Միացյալ Նահանգներից: Իրանը ցանկանում է բանակցել: Գուցե, մենք նրանց հետ հանդիպենք: Այժմ հանդիպում է ծրագրվում: Բայց հնարավոր է՝ այժմ տեղի ունեցողի պատճառով մենք ստիպված լինենք գործել նախքան այդ հանդիպումը», – ասել էր Թրամփը նախագահական ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում:
Նա նաև նշել էր, որ ԱՄՆ-ն դիտարկում է արձագանքի շատ խիստ տարբերակներ:
Իրանում ազգային արժույթի աննախադեպ անկման և մեծ գնաճի պատճառով դեկտեմբերի 28-ին մեկնարկած հակակառավարական ցույցերի ընթացքում, ըստ իրավապաշտպան խմբերի, զոհերի թիվը գերազանցել է 540-ը: Նրանց թվում շուրջ 50-ն իրավապահներ են: Ավելի քան 10 000 մարդ ձերբակալվել է: Թեհրանն առայժմ զոհերի պաշտոնական թիվ չի հայտնել: Երկրում եռօրյա սուգ է հայտարարվել զոհերի հիշատակին:
