Բաժիններ՝

Դեկտեմբերի 9-ին Գյումրու Յոթ Վերք եկեղեցում Սուրբ պատարագ կմատուցվի

Դեկտեմբերի 9-ին Գյումրու Յոթ Վերք եկեղեցում Սուրբ պատարագ կմատուցվի։ Տեղեկությունը հայտնում է Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմը։

Թեմից նշել են, որ այդ օրը Հայ առաքելական սուրբ եկեղեցին նշելու է սուրբ Մարիամ Աստվածածնին նվիրված տոներից մեկը՝ Հղություն սուրբ Աստվածածնի տոնը:

«Շիրակի թեմի առաջնորդ գերաշնորհ տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի և թեմի հոգևոր տեսուչ գերաշնորհ տեր Նարեկ եպիսկոպոս Ավագյանի օրհնությամբ Գյումրիի սուրբ Աստվածածին մայր եկեղեցում (Յոթ Վերք) սուրբ և անմահ պատարագ կմատուցի նորաօծ Տեր Գառնիկ քահանա Ավոյանը»,– ասված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 7–ին պատարագի էր մասնակցել Շիրակի թեմի առաջնորդանիստ եկեղեցում` Սուրբ Աստվածածնի տաճարում, որը հայտնի է նաև Յոթ Վերք անունով։ Շիրակի թեմի հոգևորականները հայտարարել էին, որ չեն պատրաստվում պատարագ մատուցել` Փաշինյանի ցանկությամբ զեղչելով Վեհափառի անունը, ինչից հետո կապարակնքեցին եկեղեցին և երեկոյան հանձնեցին ուժայիններին։ Դեկտեբերի 7–ին Յոթ Վերքում պատարագիչը Արմավիրի թեմից Մկրտիչ քահանա Մուշադյանն էր։

Մասնակցում էին նաև Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպած և կաթողիկոսին դեմ դուրս եկած եպիսկոպոսներից մի քանիսը՝ Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, Մասյացոտնի թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը, Արմավիրի թեմի առաջնորդ Սիոն եպիսկոպոս Ադամյանը, Բալթյան երկրների թեմի առաջնորդ Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը։

Հիշեցնենք` տևական ժամանակ է` ՀՀ իշխանությունը արշավ է սկսել եկեղեցու ու հատկապես կաթողիկոսի դեմ։ Ճաղերի հետևում են «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանը, Մայր աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս