Թրամփը ներում է շնորհել Ադրբեջանի շահերը պաշտպանելու նպատակով կաշառք ստանալու համար մեղադրվող դեմոկրատ կոնգրեսականին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ներում է շնորհել Տեխաս նահանգից դեմոկրատ կոնգրեսական Հենրի Կուեյարին և նրա կնոջը՝ Իմելդա Կուեյարին, որոնց նկատմամբ 2024 թվականին կաշառակերության, փողերի լվացման և դավադրության մեղադրանքներ են առաջադրվել:

Կուեյարին ներում շնորհելու մասին Թրամփը հայտնել է Truth Social հարթակում:

Ըստ ամերիկյան լրատվամիջոցների՝ Կուեյարի և նրա կնոջ նկատմամբ հետաքննություն էր սկսվել 2022 թվականին:

Դաշնային իշխանությունների համոզմամբ՝ նրանք շուրջ 600 000 դոլար կաշառք են ստացել Ադրբեջանի կառավարության կողմից վերահսկվող էներգետիկ ընկերության շահերը պաշտպանելու և այդ նպատակով նպաստավոր օրենսդրության ընդունմանն աջակցելու համար։

Թրամփը գրել է, որ անվերապահորեն ներում է շնորհում Կուեյարներին՝ պնդելով, որ նախկին նախագահ Ջո Բայդենը իր ձեռքին գործիք է դարձրել արդարադատության համակարգը և այն ծառայեցրել իր քաղաքական հակառակորդների դեմ:

Ըստ Թրամփի՝ Կուեյարի դեմ մեղադրանք է առաջադրվել, քանի որ նա դեմ է արտահայտվել Բայդենի «բաց սահմանների» քաղաքականությանը:

Տեսանյութեր

Լրահոս