Newmаg-ը ինտելեկտուալ փակ ակումբ է հիմնում՝ Signature Club
Ամենակարևոր լուրերը Հայաստանից՝ Telegram-ում Newmаg-ը հիմնում է գրքասերների ինտելեկտուալ ակումբ՝ Signature Club: Այս մասին Aravot.am-ին հայտնեց Newmаg-ի ղեկավար Արտակ Ալեքսանյանը:
«Երկար ժամանակ մեր ընթերցողները խնդրում էին ստեղծել գրքի ակումբ, որտեղ կկարողանան կիսվել տպավորություններով, փնտրել պատասխաններ, լսել ուրիշների կարծիքը, բանավիճել գրքից ծնված գաղափարների շուրջ… Մենք տեւական ժամանակ քննարկում էինք ակումբի գաղափարը, ու վերջապես որոշեցինք այն մի քիչ ավելի զարգացնել, ու ստեղծեցինք Signature Club-ը՝ տարեկան անդամավաճարով:
Մեր ակումբի անդամները տարեկան վճարելու են 100 հազար դրամ, եւ այդ 100 հազարի շրջանակում ամեն ամիս իրենց ընտրությամբ ստանալու են Newmаg-ի 2 գիրք՝ անվճար:
Եթե այդ գումարը բաժանում ենք 12 ամիսների միջեւ, ստացվում է, որ 8333 դրամ են ամսեկան ծախսում բաժանորդագրության վրա, որի դիմաց տարվա ընթացքում ստանում են 24 գիրք, մասնակցում գրքի ակումբի հանդիպումներին: Ի դեպ, 2026թ հունվարի 1-ից՝ բացի Newmаg-ի փառատոները, մեր շնորհանդեսները լինելու են փակ՝ միայն գրքի ակումբի անդամների համար»,-նշեց Արտակ Ալեքսանյանը:
«Մենք հաճախ ունենում ենք հետաքրքիր հյուրեր, որոնք կարող են ոչ միայն գրքի, այլեւ ավելի ընդարձակ թեմաներով խոսել: Որոշել ենք գրքի ակումբի անդամների համար կազմակերպել դասախոսություններ, վարպետության դասեր, «Սինեմա Սթարի» հետ պայմանավորվածությամբ՝ համաշխարհային նշանակություն ունեցող գլուխգործոցների փակ դիտումներ, որից հետո կհրավիրենք անվանի կինոգետներին ու միասին կքննարկենք տպավորությունները, ֆիլմի ուղերձները: Քանի որ համագործակցում ենք բազմաթիվ կազմակերպությունների հետ, Newmаg-ի ընթերցողները Signature Club-ի անդամության քարտով կարող են ունենալ 5-20 տոկոս զեղչ շուրջ 10 խանութներում: Ավելին, մենք խնդրել ենք 3 հայ դիզայներների՝ Արմեն Գալյանին, Նուռին ու Արամ Նիկոլյանին, որ ստեղծեն պարագաներ եւ հագուստ, որը հասանելի կլինի միայն Signature Club-ի անդամների համար: Դրանք հատուկ մեզ համար ստեղծված, այսպես կոչված, կապսուլային հավաքածուներ կլինեն»,-հավելեց մեր զրուցակիցը՝ տեղեկացնելով, որ նախագիծը գործելու է հունվարի 1-ից ու նախատեսված է միայն 100 անձի համար:
Արտակ Ալեքսանյանը շեշտեց՝ քանի որ ակումբը փակ է, որեւէ հրապարակայնություն չի ենթադրելու:
Նշեց, որ ակումբի անդամների համար դասախոսություններ կկարդան մշակութաբաններ, մարդաբաններ, ճարտարապետներ, միջազգային փորձագետներ, տնտեսագետներ եւ այլ ոլորտներ ներկայացնող մասնագետներ. «Թեմաները տարբեր են լինելու՝ սկսած, օրինակ, Գաուդիի Բարսելոնան հասկանալուց մինչեւ բանկային համակարգի վախճանը եւ նոր բանկային ինստիտուտների կայացումը»:
Հավաստիացրեց, որ հավաքները չեն լինելու քաղաքական թեմաներով, քանի որ արդեն իսկ այդ նպատակով ստեղծված շարժումներ եւ կուսակցությոսւններ կան:


