ԵՄ-ն պետք է կիսի Ռուսաստանի ակտիվների հետ կապված ռիսկերը. Գերմանիայի ԱԳ նախարար
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլն այն կարծիքին է, որ Եվրամիության երկրները պետք է միմյանց միջև բաժանեն ֆինանսական ռիսկերը Եվրոպայում սառեցված ռուսական պետական ակտիվների օգտագործման դեպքում՝ Ուկրաինային օգնություն ցուցաբերելու համար:
Այս մասին Գերմանիայի ԱԳ նախարարը նոյեմբերի 30-ի երեկոյան հայտարարել է ARD հեռուստաալիքի եթերով:
Նա հավելել է, որ հարցի շուրջ բանակցությունները կշարունակվեն հաջորդ շաբաթ, այդ թվում՝ դեկտեմբերի 3-ին Բրյուսելում կայանալիք ՆԱՏՕ-ի երկրների ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ:
Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի դադարեցման հեռանկարների առնչությամբ Վադեֆուլը կարծիք է հայտնել, որ առջևում բանակցությունների «վճռորոշ շաբաթ» է: Նախարարը, զգուշավոր լավատեսությամբ ասել է, որ «այժմ հրադադարի իրական հնարավորություն կա»:Աշնան սկզբից Եվրամիությունում քննարկվում է Ուկրաինային 2026 և 2027 թթ. շուրջ 140 միլիարդ եվրոյի չափով ռեպարացիոն փոխառություններ հատկացնելու հնարավորությունը:
Որպես այս վարկի ապահովում՝ պլանավորվում է օգտագործել ռուսական Կենտրոնական բանկի՝ Եվրոպայում սառեցված պահուստները: Այս գաղափարին ակտիվորեն աջակցում են Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը և ԳԴՀ-ի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը:


