Հութիները հայտարարել են, որ վեց գործողություն են իրականացրել ԱՄՆ-ի նավերի դեմ, որոնցից մեկը «խիստ վնասվել է»
Եմենի հյուսիսում իշխող «Անսար Ալլահ» շիա շարժումը (հութիներ) հայտարարել է, որ երեք ծովերում վեց գործողություն է իրականացրել ամերիկյան նավերի դեմ, որոնցից մեկը լուրջ վնասվածքներ է ստացել։ Այդ մասին տեղեկանում ենք «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից:
«Առաջին գրոհն իրականացվել է LAX նավի դեմ. այն լուրջ վնասվածքներ է ստացել ուղղակի հարվածի հետևանքով… ԱՄՆ-ի վեց նավերի դեմ գործողությունները Կարմիր, Արաբական և Միջերկրական ծովերում անցկացվել են մի շարք հականավային, բալիստիկ հրթիռների և անօդաչուների օգտագործմամբ», – «Ալ Մասիրա» հեռուստաալիքի եթերում ասել է հութիների ռազմական ներկայացուցիչ Յահյա Սարիան:
ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունն առայժմ չի մեկնաբանել այս հայտարարությունը։
Մայիսի 27-ին հութիները հայտարարել էին Հնդկական օվկիանոսում և Կարմիր ծովում ամերիկյան և իսրայելական երեք նավերի վրա հրթիռներով գրոհի, ինչպես նաև Կարմիր ծովում ամերիկյան երկու էսկադրային ականակրի վրա անօդաչուներով գրոհի մասին:
«Անսար Ալլահ» խմբավորման պարագլուխ Աբդել Մալիք ալ Հուսին մայիսի 23-ին հայտարարել էր, որ իր ռազմական ուժերը անցյալ տարվա նոյեմբերից Իսրայելի, ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հետ կապված 119 նավերի վրա են հարձակվել Կարմիր ծովում, Արաբական ծովում, Ադենի ծոցում, Հնդկական օվկիանոսում և Միջերկրական ծովում։