Բաժիններ՝

Ուկրաինան իրավունք ունի հարվածներ հասցնել Ռուսաստանի ռազմական օբյեկտներին. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Ուկրաինան հնարավորություն ունի արևմտյան զենքով հարվածներ հասցնելու Ռուսաստանի տարածքի ռազմական օբյեկտներին, քանի որ որոշ երկրներ երբեք Կիևին չեն արգելել դա անել։ Այս մասին նա ասել է իսպանական La Vanguardia պարբերականում հրապարակված հարցազրույցում։

«Ինքնապաշտպանության իրավունքն ամրագրված է ՄԱԿ-ի կանոնադրությունում։ Որոշ դաշնակիցներ իրականում երբեք սահմանափակումներ չեն մտցրել, օրինակ՝ Մեծ Բրիտանիան թևավոր հրթիռներով, այնպես որ դա այն է, ինչ արդեն տեղի է ունենում», – ասել է Ստոլտենբերգը։

«Կիևն իրավունք ունի պաշտպանվելու, և մենք իրավունք ունենք օգնելու նրան իրականացնել այդ իրավունքը, այդ թվում՝ Ռուսաստանում օրինական ռազմական օբյեկտների վրա հարձակումների միջոցով», – կարծում է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:

Ավելի վաղ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը ԵՄ պաշտպանության նախարարների հանդիպումից հետո հայտնել էր, որ առայժմ միայն մեկ-երկու երկրներ են պատրաստ վերացնելու Ռուսաստանի տարածքին հարվածների համար Ուկրաինային մատակարարվող զենքի գործադրման սահմանափակումները։

Նույն հանդիպմանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը նշել էր, որ դաշինքի երկրներն իրենք են առանձին-առանձին որոշում՝ վերացնել արդյոք Ուկրաինայի կողմից Ռուսաստանի տարածքին հարվածելու համար արևմտյան զենքի կիրառման սահմանափակումները։

Արձագանքելով այս հայտարարություններին՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը եվրոպական երկրների ուշադրությունը հրավիրել է այն փաստի վրա, որ նրանց տարածքը փոքր է և խիտ բնակեցված։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս