Զելենսկին Պորտուգալիայի հետ անվտանգության երկկողմ համագործակցության համաձայնագիր է ստորագրել
Լիսաբոն այցի ընթացքում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Պորտուգալիայի հետ անվտանգության ոլորտում համագործակցության համաձայնագիր է ստորագրել, ինչպես նաև հանդիպում է ունեցել այդ երկրի նախագահ Մարսելու Ռեբելու դե Սոուզայի հետ։ Այս մասին Զելենսկին հայտնել է իր Telegram ալիքում:
«Մենք քննարկել ենք Խաղաղության գլոբալ գագաթնաժողովին նախապատրաստվելու աշխատանքները. անհրաժեշտ է բոլոր մայրցամաքներից պետությունների հնարավորինս լայն ներկայություն այնտեղ։ Հատուկ ուշադրություն է դարձվում ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին Ուկրաինայի ինտեգրման հարցերին։ Շնորհակալություն Ուկրաինային այս ճանապարհին աջակցելու համար», – գրել է Զելենսկին Սոուզայի հետ հանդիպման մասին։
Իսկ մայիսի 28-ին Զելենսկին և Պորտուգալիայի վարչապետ Լուիշ Մոնտենեգրուն երկկողմ համաձայնագիր են ստորագրել անվտանգության ոլորտում համագործակցության շուրջ։
Ուկրաինայի նախագահն իր եվրոպական շրջագայության ընթացքում նման պայմանագրեր է ստորագրել նաև Բելգիայի և Իսպանիայի հետ։