
Իրանը պատրաստակամություն է հայտնել հումանիտար օգնություն և խմբեր ուղարկել Հայաստան

Իրանի Կարմիր մահիկի ընկերությունը պատրաստակամություն է հայտնել հումանիտար օգնություն ուղարկել Հայաստանի Լոռու և Տավուշի մարզերում հեղեղումներից տուժածներին։ Ընկերությունը նաև պատրաստակամություն է հայտնել օգնության խմբեր ուղարկել՝ տուժածներին ծառայություններ մատուցելու համար։
Իրանի Կարմիր մահիկի ընկերության նախագահ Հոսեյն Կոլիվանդն այս մասին նամակ է գրել Հայկական կարմիր խաչի ընկերության տնօրեն Աննա Եղիազարյանին։
Նամակում նա նշել է, որ ցավով են տեղեկացել, որ Հայաստանի հյուսիսային շրջաններումն հորդառատ անձրևները ջրհեղեղի են հանգեցրել, ինչն էլ իր հերթին հանգեցրել է զոհերի, վնասներ է պատճառել շենք-շինություններին և ենթակառուցվածքներին։
Նա հայտարարել է, որ Իրանի Կարմիր մահիկի ընկերությունը պատրաստ է հումանիտար օգնություն ուղարկել, ինչպես նաև օգնության խմբեր՝ ջրհեղեղից տուժածներին ծառայություններ մատուցելու համար։
Մայիսի 26-ին տեղացած հորդառատ անձրևների հետևանքով Լոռու և Տավուշի մարզերում հեղեղումներ են եղել, Դեբեդ, Աղստև և Տաշիր գետերը դուրս են եկել իրենց հունից՝ էական վնասներ պատճառելով կարևոր ենթակառուցվածքների, բնակելի տների։ Փլուզվել են ճանապարհներ և կամուրջներ։ Հեղեղումների հետևանքով զոհվել է 4 մարդ։ Կառավարությունն աղետի գոտի է հայտարարել հեղեղումներից տուժած բնակավայրերում։