Բաժիններ՝

Վրաստանի իշխանություններն «օտարերկրյա գործակալների մասին» օրենքով փակում են երկրի ճանապարհը դեպի ԵՄ. Բերբոք

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը կարծում է, որ Վրաստանի կառավարությունն, առաջ մղելով «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը, արգելափակում է երկրի ճանապարհը դեպի Եվրամիություն և դեմ է դուրս գալիս սեփական բնակչությանը։ Այս մասին Բերբոքն ասել է արտգործնախարարների մակարդակով ԵՄ խորհրդի նիստին ժամանելիս։

«Ինձ համար ցավալի է, որ Վրաստանի կառավարությունն օրենքով արգելափակում է Եվրամիություն տանող ուղիով առաջ գնալու հնարավորությունը՝ իր քաղաքացիների և, առաջին հերթին, երիտասարդության այդ մեծ երազանքը», – Բերբոքի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։

«Վրաստանի կառավարությունը դրանով իսկ հանդես է գալիս սեփական բնակչության դեմ, եվրոպական հեռանկարի դեմ»,- կարծում է նա:

Օրենքով նախատեսվում է, որ հասարակական կազմակերպությունները և ԶԼՄ-ները, որոնք իրենց ֆինանսավորման 20 %-ից ավելին ստանում են արտերկրից, գրանցվեն որպես «օտարերկրյա ուժի շահերը հետապնդող» կազմակերպություններ։ Վրաստանի իշխանությունները հայտնում են, որ օրենքը կոչված է ապահովելու ՀԿ-ների ֆինանսավորման թափանցիկությունը։

Օրենքի ընդունումը Վրաստանում առիթ է դարձել բազմահազարանոց ցույցերի, որոնք վերածվել են իրավապահների հետ բախումների։

ԱՄՆ-ում և ԵՄ-ում նախազգուշացրել են, որ օրենքի ընդունումը կարող է սպառնալ Վրաստանի եվրաատլանտյան ինտեգրմանը։

Վրաստանի խորհրդարանի իրավական հարցերի հանձնաժողովը մայիսի 27-ին հաղթահարել է այդ օրենքի վրա նախագահի դրած վետոն։ Այժմ հարցը քվեարկության կդրվի լիագումար նիստում, որը կկայանա մայիսի 28-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս