Կդիտարկվի հեղեղումների հետևանքով արտակարգ դրություն հայտարարելու նպատակահարմարությունը
Հայաստանի վարչապետի աշխատակազմն ու արդարադատության նախարարությունը կդիտարկեն Լոռու և Տավուշի մարզերում հեղեղումների հետևանքով արտակարգ դրություն հայտարարելու հարցը:
Այս մասին Հայաստանի վարչապետի մասնակցությամբ ընթացող՝ Լոռու եւ Տավուշի մարզերում արտակարգ իրավիճակի կառավարման օպերատիվ շտաբի հեռավար նիստին ասել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։
«Կխնդրեմ մեր սիրելի գործընկերներին մի հանձնարարական տալ. փորձենք հասկանալ, թե արդյոք արտակարգ դրություն պե՞տք է հայտարարել, թե՞ ոչ: Արտակարգ դրության ռեժիմում որոշակի կարգավորումներ կան»,- նշել է Սանոսյանը:
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ՀՀ արդարադատության նախարարությունն ու վարչապետի աշխատակազմն այդ հարցով եզրակացություն կտան: «Եթե դա մեր գործերի ընթացին կնպաստի, կարծում եմ, որ մեծ խնդիր չէ նման որոշում կայացնելը, բայց՝ համապատասխան հիմնավորումներով»,–ասաց Նիկոլ Փաշինյանը:
Մայիսի 26-ին հորդառատ անձրևների և Դեբեդ, Աղստև, Տաշիր գետերի վարարման հետևանքով Լոռու և Տավուշի մարզերում հեղեղումներ են առաջացել։ Հեղեղումների հետևանքով ջրալցվել են տներ, շենք-շինություններ, քանդվել ճանապարհներ։ Նախնական տվյալներով՝ Լոռիում և Տավուշում հեղեղումների հետևանքով կա 4 զոհ։