Ճապոնիան և Հարավային Կորեան հայտարարել են ՌԴ-ի և ԿԺԴՀ-ի դեմ պատժամիջոցների մասին
Ճապոնիայի կառավարությունը պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի նկատմամբ՝ Հյուսիսային Կորեայից զենք ստանալու և Ուկրաինայում շարունակվող ռազմական գործողությունների պատճառով: Պատժամիջոցները սահմանվել են ռուսաստանյան ինը ընկերության, Կիպրոսում գրանցված երկու ընկերությունների և ռուսաստանցի մեկ գործարարի նկատմամբ։
Ինչպես տեղեկանում ենք BBC-ի ռուսական ծառայությունից, այդ մասին մայիսի 24-ին Տոկիոյում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Ճապոնիայի կառավարության գլխավոր քարտուղար Յոսիմասա Հայասին։ Նա չի հստակեցրել ընկերությունների անունները և ռուսաստանցու անունը։
Բացի այդ, Մոսկվայի և Փհենյանի դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին է հայտարարել Սեուլը։ Հարավային Կորեայի պատժամիջոցները վերաբերում են ԿԺԴՀ-ի յոթ քաղաքացիների և երկու ռուսական նավերի:
Ըստ Հարավային Կորեայի արտգործնախարարության հայտարարության՝ նշված անձանց և ռուսական նավերի դեմ պատժամիջոցները կապված են Փհենյանի միջուկային և հրթիռային մշակումների համար նյութերի մատակարարման և այդ մշակումների ֆինանսավորման մեջ նրանց ներգրավվածության հետ։
Սեուլի հայտարարության մեջ նաև ասվում է, որ պատժամիջոցների տակ հայտնված քաղաքացիներն ու կազմակերպությունները զբաղվում էին ԿԺԴՀ-ի և Ռուսաստանի միջև զինամթերք փոխադրելով: Ցուցակում ներառված անձանց հետ ցանկացած ֆինանսական գործարք կպահանջի Հարավային Կորեայի իշխանությունների հատուկ թույլտվությունը: