Խարկովը ենթարկվել է գնդակոծության. կան վիրավորներ
Ուկրաինայի Խարկովի մարզի իշխանությունները և երկրի Ներքին գործերի նախարարությունը հայտնել են գիշերը տեղի ունեցած գնդակոծությունների մասին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը։
«Խարկով: Գիշերային գնդակոծությունների հետևանքով տուժել է հինգ մարդ։ Հակառակորդը քաղաքի վրա գրոհել է անօդաչու թռչող սարքերով և վնասել բնակելի շենքեր, բակային շինություններ ու փոխադրամիջոցներ», – ասվում է Ուկրաինայի ՆԳ նախարարության հայտարարության մեջ։
Խարկովի մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուրովն ավելի վաղ հայտնել էր, որ Խարկովին հարվածներ են հասցվել ողջ գիշեր, ԱԹՍ-ների բեկորներ են հայտնաբերվել 4 վայրերում։
Խարկովի քաղաքապետը հայտնել է, որ հարվածը հասցվել է տրանսպորտային ենթակառուցվածքի օբյեկտի։
Իսկ Ուկրաինայի ռազմաօդային ուժերից հայտնել են, որ գիշերը ռուսական ուժերի կողմից արձակված 29 ԱԹՍ-ներից 28-ը խոցվել են։ Ըստ հաղորդագրության՝ գրոհի են ենթարկվել Օդեսայի, Նիկոլաևի, Դնեպրոպետրովսկի, Խարկովի, Չերկասիի և Կիրովոգրադի մարզերը։