Նիկոլ Փաշինյանն ու ԵԱՀԿ գործող նախագահը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումների շուրջ
Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի արտաքին գործերի, եվրոպական հարցերի և առևտրի նախարար Յան Բորգի գլխավորած պատվիրակությանը:
Վարչապետը ողջունել է պարոն Բորգի այցը Հայաստան:
Ինչպես տեղեկանում ենք ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, Նիկոլ Փաշինյանը և Յան Բորգը քննարկել են ՀՀ կառավարության և ԵԱՀԿ-ի միջև համագործակցությանն առնչվող հարցեր, մտքեր փոխանակել Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումների շուրջ: Վարչապետն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին:
Յան Բորգն ընդգծել է ԵԱՀԿ ողջ տարածաշրջանում կայուն խաղաղությանը և հակամարտությունների կարգավորմանն աջակցելու և խթանելու հարցում կազմակերպության հանձնառությունը, ԵԱՀԿ մանդատին համապատասխան կազմակերպության գործիքակազմի արդյունավետ կիրառումը՝ ի նպաստ տարածաշրջանային կայունության ու անվտանգության ապահովման:
Քննարկվել են Հայաստանի և Մալթայի միջև բազմոլորտ համագործակցությանը և կապերի հետագա զարգացմանը վերաբերող հարցեր։ Կարևորվել է երկկողմ բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպումը: